ԱԽ քարտուղարը պարզաբանել է Միշելի խոսքերը՝ Ադրբեջանի տարածքով ՀՀ տարբեր մասերի միջև կապի մասին

ԱԽ քարտուղարը պարզաբանել է Միշելի խոսքերը՝ Ադրբեջանի տարածքով ՀՀ տարբեր մասերի միջև կապի մասին

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին՝ հայտնում է Արմենպրեսը։

Գրիգորյանը պարզաբանել է, թե ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին հատվածն ինչի մասին է:

ԵՄ խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, և Հայաստանի տարբեր մասերի միջև Ադրբեջանի տարածքով հաղորդակցության կառավարման հարցերի շուրջ:

«Խոսքն այն մասին է, որ, օրինակ, Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան»,-ասել է նա։

ԱԽ քարտուղարը պատասխանել է նաև այն հարցին, թե Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ինչու՞ պիտի օգտագործվի Նախիջևանի տարածքը:

«Դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով: Եվ հետո՝ քննարկվող թեման տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման մասին է, և գոյություն ունեցող բոլոր կոմունիկացիաների բացման և գործունեության սկզբունքների հարցը պետք է լուծվի: Քննարկումները տեղի են ունենում հենց այս տրամաբանությամբ: Հիշեցնեմ, որ նույն համատեքստում քննարկվում է նաև Հայաստանի Հանրապետությունից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն և Ադրբեջանի արևելյան հատվածներով դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը»,-ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է․ «Նրանք համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Մասնավորապես նրանք համաձայնության են եկել սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաև մաքսային կանոնների մասին միջազգային բեռնափոխադրումների համատեքստում: Առաջիկայում փոխվարչապետերը կշարունակեն աշխատանքն այդ ուղղությամբ»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---