Փաշինյանը Թրեյսիի հետ հանդիպմանը կարևորել է ԱՄՆ հստակ դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

Փաշինյանը Թրեյսիի հետ հանդիպմանը կարևորել է ԱՄՆ հստակ դիրքորոշումը ԼՂ  հիմնախնդրի կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը կարևորել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը:

Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է խաղաղության հաստատման օրակարգով և բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների շարունակական օժանդակությունն այդ գործընթացին: Վարչապետն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական երկխոսության ակտիվացումը։

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատականի համար և վերահաստատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը:

Այս համատեքստում Լին Թրեյսին հիշատակել է օրեր առաջ ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած հեռախոսազրույցը, ինչպես նաև ամերիկյան կողմի գոհունակությունը հայտնել երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերի կապակցությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ:

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Արմենպրեսին տված իր հարցազրույցում ասել էր, որ «ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում»։ «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում։ Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված», - վերահաստատել էր ԱՄՆ դեսպանը՝ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---