ՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները կարևորել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման աշխատանքները

ՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները կարևորել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման աշխատանքները

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Սոֆիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Բուլղարիայի ԱԳ նախարար Թեոդորա Գենչովսկա առանձնազրույցի, այնուհետև ընդլայնված ձևաչափով հանդիպմանը, կարևորել են Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են առևտրաշրջանառության և ներդրումների ծավալների ավելացման հնարավորություններին և կարևորել այս ոլորտներում առկա զգալի ներուժի իրացումը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման շուրջ։

Միրզոյանն իր բուլղարացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Այս առումով Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը:

Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, ՀՀ ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։

Առանձնահատուկ կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական կոթողների ինքնության խեղաթյուրման և ոչնչացման հետևողական քաղաքականության կանխումը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության հստակ և հասցեական արձագանքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգել իրականացման հրատապությունը։

Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում կապերին:

ՀՀ ԱԳ նախարարի այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև մշակույթի բնագավառում 2022-2025թթ․ համագործակցության մասին ծրագրի ստորագրման արարողությունը։ Հայկական կողմից ծրագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, բուլղարական կողմից՝ Բուլղարիայի մշակույթի նախարար Աթանաս Աթանասովը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---