AIBA-ի գլխավոր համակարգող Իվան Խոդաբաշն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան

PanARMENIAN.Net - Սիրողական բոքսի միջազգային ասոցիացիայի (AIBA) գլխավոր համակարգող Իվան Խոդաբաշն ապրիլի 7-ին մեկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երեւան: Այցի նպատակը Երեւանում մայիսի 23-30-ը կայանալիք աշխարհի պատանեկան առաջնության առնչությամբ տարված կազմակերպչական աշխատանքին ծանոթանալն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Բոքսի Հայաստանի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Խոդաբաշը հայկական արմատներ ունի եւ առաջին անգամը չէ, որ այցելում է Հայաստան: Իր այցի ընթացքում նա եղել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ծրագրվում է անցկացնել Սիրողական բոքսի աշխարհի պատանեկան առաջնությունը: Նրա խոսքերով, ՄՀՀ-ը համապատասխանում է աշխարհի առաջնության անցկացման համար պահանջվող միջազգային չափանիշներին:

AIBA-ի գլխավոր համակարգողը նաեւ ծանոթացել է այն հյուրանոցների պայմաններին, որոնցում պետք է հյուրընկալվեն մասնակից երկրների պատվիրակությունները:

Խոդաբաշը Բոքսի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի հետ քննարկել է մրցաշարի անցկացման ձեւաչափին վերաբերող որոշ հարցեր: Ամփոփելով ստուգման արդյունքները, Բոքսի միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչը դրական գնահատական է տվել կատարված աշխատանքներին:

Ապրիլի 8-ի դրությամբ, աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու դիմում ներկայացրել են 38 երկրի բոքսի ֆեդերացիաներ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---