Սերժ Սարգսյան. Ձգտումը դեպի ԵՄ Հայաստանի գիտակցված ընտրությունն է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի ներկայացուցիչներին: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման գործում Հանրապետության նախագահը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության դերը: Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացումը Հայաստանի համար սկզբունքային խնդիր համարելով, Սերժ Սարգսյանը տեղեկացրել է եվրոպական կառույցների հետ աշխատանքի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2009-2011թթ. առաջնահերթությունների ծրագրի մշակման մասին, որը ենթադրում է երկրի քաղաքական ու տնտեսական համակարգի արդիականացում: ՀՀ նախագահն ասել է, որ այդ ճանապարհին Հայաստանը մտադիր է օգտվել այլ երկրների փորձից եւ արդեն իսկ մեր երկրում են Եվրամիության խորհրդատվական խմբի անդամները:



Եվս մեկ անգամ շեշտելով Հայաստանի ձգտումը դեպի եվրոպական ընտանիք` երկրի ղեկավարն ընդգծել է. «Սա մեզ համար գիտակցված ընտրություն է, մենք կամովին ենք պարտավորություններ ստանձնել, մեր նպատակն է ապրել քաղաքակիրթ կանոններով եւ եվրոպական կառույցների աջակցությունն մեզ անհրաժեշտ է մեր երկիրն ավելի ժողովրդավար, մեր տնտեսությունն ավելի մրցունակ, մեր զավակների ապագան ավելի ապահով դարձնելու համար»:



Սերժ Սարգսյանը ողջունել է նաեւ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը եւ նշել, որ Հայաստանն առավելագույնս կօգտագործի փոխգործակցության նոր հնարավորությունները: Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ տիկին Մարի Անն Իզլեր Բեգենը ընդգծել է Եվրախորհրդարանի հատուկ ուշադրությունը հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Շնորհակալություն հայտնելով հինգ տարվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար, տիկին Բեգենը տեղեկացրել է, որ ամռանը Եվրոպայում տեղի ունենալիք ընտրությունների արդյունքում փոխվելու է եվրոպական խորհրդարանի կազմը եւ ձեւավորվելու է Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր հանձնաժողով: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել հանձնաժողովի հնգամյա աշխատանքը եւ վստահություն հայտնել, որ խորհրդարանական համագործակցությունն այսուհետ եւս կշարունակի զարգանալ եւ համալրվել նոր բովանդակությամբ:



Ս.Սարգսյանը պարզաբանումներ է տվել նաեւ պատգամավորներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Նա մեկ անգամ եւս ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը:



Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---