Կոստա-Գավրասը Երևանում հանդիպել է երկրպագուներին․ «Գնում ենք կինո էմոցիաների հետևից»

Կոստա-Գավրասը Երևանում հանդիպել է երկրպագուներին․ «Գնում ենք կինո էմոցիաների հետևից»

PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի ռեժիսոր, ծագումով հույն, «Օսկարի», «Ոսկե արմավենու», «Ոսկե արջ», «Սեզարի» մրցանակակիր, «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր 89-ամյա Կոստա-Գավրասը Երևանում կարճ հանդիպում է ունեցել երկրպագուների հետ։

Դրա ընթացքում նա ասել է, որ գնում ենք կինո էմոցիաների հետևից՝ լացելու, ուրախանալու, իսկ թե ինչ կանի մարդ իր էմոցիաների հետ կինոյից հետո՝ իր գործն է, գրում է «Ազատությունը»։

Նա խոստովանել է՝ համար անսպասելի էր այսպիսի հաջողությունը, այն էլ բավական երիտասարդ միգրանտի համար, որ ընդամենը Հունաստանից Ֆրանսիա էր տեղափոխվել՝ Սորբոնում անվճար սովորելու համար:

«Ընդամենը մի օր պատահական ինձ ներկայացրել են Իվ Մոնտանին՝ էլի որպես ներգաղթյալի, չէ՞ որ նաև Իտալիայից էր»,- ասել է նա:

Քաղաքական սուր թեմաներով հայտնի ֆիլմերի հեղինակը համաձայն չէ ձևակերպման հետ, թե քաղաքական ռեժիսոր է, իր հերոսը մարդն է, որի վրա պարզապես շատ հաճախ աղետալի հետքեր է թողնում քաղաքականությունը, պատմությունը։

«Կինոն հանդիսություն է, կինոն քաղաքական ելույթ չէ։ Մենք գնում ենք կինո էմոցիաների հետևից՝ լացելու, ուրախանալու։ Իսկ թե ինչ կանի մարդ իր էմոցիաների հետ կինոյից հետո՝ իր գործն է։ Գուցե իմ ֆիլմերում տաբու թեմաների եմ անդրադարձել, տաբու եղանակներով եմ այն ներկայացրել։ Կինոյի դերն է՝ գնալ ու բացահայտել այն վայրերը, որտեղ ոչ մի ուրիշ մարդ էլ չի գնում։ Ռեժիսորը դրա համար արտակարգ գործիքներ ունի՝ դերասաններ», - նշել է Գավրասը:

«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում մեծն ռեժիսորից երկու ֆիլմ վայելելու հնարավորություն կա։ «Զետա»-ից բացի Երևանում կներկայացվի նրա վերջին՝ 3 տարի առաջ նկարահանված ֆիլմը՝ «Մեծահասակները տանն են»՝ Հունաստանի ջախջախված տնտեսության մասին։

Հայաստանից ֆրանսիացի ռեժիսորը կմեկնի Լոկառնոյի կինոփառատոն, որտեղ նրան շնորհվելու է պատվավոր մրցանակ՝ կինոարվեստում անգնահատելի ավանդի համար։

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 10-ին և կտևի մինչև հուլիսի 17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---