Վարչապետի մոտ քննարկվել են խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու լուծման ուղիները

Վարչապետի մոտ քննարկվել են խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու լուծման ուղիները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարվա ընթացքում խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Ընդգծվել է, որ կառավարությունն առաջիկայում նախատեսում է հանդես գալ արտահանման գործընթացում տուրքերի վճարների օպտիմալացման նախաձեռնությամբ:

Զեկուցվել է, որ վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում շշալցված կոնյակի արտահանման ծավալները շարունակաբար աճել են: Նման միտում է առկա նաև խաղողի գինու դեպքում: Վերջինիս սպառման ծավալներն աճում են նաև հանրապետության տարածքում:

Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել այս տարի ակնկալվող բերքի ծավալներին, մթերման գործընթացի կազմակերպմանը, գյուղացիական տնտեսությունների և ընկերությունների հետ տարվող աշխատանքների ընթացքին:

Նշվել է, որ արդեն իսկ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում արտադրողների և մթերողների միջև կնքվել է մոտ 97,000 տոննա խաղողի մթերման պայմանագիր, գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Կարևորվել է հնարավոր խնդիրների լուծման ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանքների իրականացումը և կառավարության գործիքակազմերի շրջանակում մթերող ընկերություններին օժանդակության ցուցաբերումը՝ արտահանման ծավալների ավելացման նպատակով:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է շշալցված կոնյակի և գինիների արտահանման ծավալների հետևողական ավելացումն ու նշել, որ գործադիրը շարունակելու է հարցը պահել ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---