Րաֆֆի Հովհաննիսյան․ Եվս մեկ քայլով մոտեցանք Արցախի շրջափակման նախկին գոյավիճակի վերադարձին

Րաֆֆի Հովհաննիսյան․ Եվս մեկ քայլով մոտեցանք Արցախի շրջափակման նախկին գոյավիճակի վերադարձին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ համահայկական ջանքով ու ոգով բացված Հայաստան-Արցախ ճանապարհը՝ Բերձորը, Աղավնո գետն ու գյուղը ներառյալ, դարձավ պատմություն, «և ևս մեկ քայլով մոտեցանք Արցախի շրջափակման նախկին գոյավիճակի վերադարձին»:

«Եվ իրականություն դարձավ աներևակայելին, բայց այն, ինչի ահազանգը հնչեցնում էինք ամիսներ շարունակ: Ակներև էր, որ պարտված գերագույն գլխավորի զոռով շարունակվող իշխանության օրոք Հայրենիքն աստիճանաբար, ինքնակամ դավադրությամբ հանձնվելու է մաս-մաս՝ բարձունք առ բարձունք, բնագիծ առ բնագիծ: Պետությունը տևապես զիջելու է իր ինքնիշխանությունը, և մեր Երկրի ոսկե սերունդը տալու է հերթական նահատակները հանուն այդ հանցավոր աթոռապաշտի անփառունակ հարատևման:

Համահայկական ջանքով ու ոգով բացված Հայաստան-Արցախ կենաց ճանապարհը՝ Բերձորը, Աղավնո գետն ու գյուղը ներառյալ, դարձավ պատմություն՝ մեր իսկ սերնդի վկայությամբ, մասնակցությամբ, թողտվությամբ ու ձեռամբ: Արցախի շրջափակման նախկին գոյավիճակի վերադարձին մոտեցանք ևս մեկ քայլով:

Քանի դեռ ուխտադրուժ նախկին հրամանատարը մնում է որպես արդի հայոց պատմության և հայ ժողովրդի բնականոն ընթացքի ճամփան փակած ժեռ ապառաժ, պետությունն ու ազգը փրկության որևէ հույս կամ հնարավորություն չեն ունենա:

Ցավալի, անգամ ողբերգական հավասարում է, բայց կամ ինքն է, կամ՝ Հայրենիքը:

Երիցս ցավալի է, բայց թվում է՝ աթոռի, փողի և փոխկապակցված այլ գործոններից ելնելով, իր ընտանիքն ու կուսակիցները (գոնե ինձ հայտնիները) ընտրել են իրեն՝ ընդդեմ Հայրենիքի:

Պետական պատկան մարմինները նույնպես՝ իրենց սահմանադրական պարտականություններն անտեսած, պաշտպանում են գործող ոմն պաշտոնամոլի անվտանգությունը և ոչ թե Հանրապետության սահմանադրական կարգն ու քաղաքացիների իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ:

Հովհաննիսյանը նշել է, որ քիչ ժամանակ է մնացել «վերանայման և քավության ելք որոնելու համար», իսկ «ապաշխարանքի ու զղջումի ուղին վերաբերում է հավասարապես նախկին իշխանություններին»:

«Այսօրվա կանգառը, սակայն, բոլորիս հրամայականն է: Պետք է միասին դուրս գանք մեր ներքին հիասթափությունից, անտարբերությունից, չարությունից, նեղվածությունից, վախից ու ճակատագրապաշտությունից: Պետք է դուրս գանք առանձին ճակատների և շարժումների բարի նպատակների տիրույթներից: Պետք է մեկ անգամ ապավինենք միացյալ մի մոտեցման՝ ստեղծարար, արժեքային ու թիրախամետ հայաստանակենտրոն լուծումներով:

Միասին պետք է ընտրենք Հայրենիքը՝ չմերժելով ոչ մեկի, բացի հայրենին մերժողից:

Նրա ինքնիշխանությունը, ամբողջականությունը, արժանապատվությունը անսակարկելի են: Եվ՝ անբեկանելի: Նրա ինքնիշխանությունը, ամբողջականությունը, արժանապատվությունը անսակարկելի են: Եվ՝ անբեկանելի:Կա՛նգ առ, Հայաստան»,-ասվում է հայտարարության մեջ:

ԱՀ անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել օգոստոսի 30-ից՝ ժամը 20:00-ից ՀՀ հետ կապն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:

Բերձորի միջանցքին հարող Աղավնո և Ներքին Սուս գյուղերի, ինչպես նաև Բերձորի բոլոր բնակիչները տարհանվել են։ Նրանք հաստատվելու են ըստ իրենց ցանկության՝ Հայաստանում կամ Արցախում։ ԱՀ իշխանությունները տեղեկացրել էին Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---