31 օգոստոսի 2022 - 12:22 AMT
Չալաբյանի կինն ու պաշտպանները հրավիրվել են ԱՄՆ դեսպանատուն

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանները հրավիրվել են ԱՄՆ դեսպանատուն, որտեղ ներկայացրել են Չալաբյանի գործով իրավիճակն ու ապօրինությունների ցանկը, հայտնում է նրա պաշտպանական թիմը։

Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշվում է, որ Չալաբյանի վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջնորդների հարցումները շարունակվում են: Պաշտպանական խումբը հանդիպումներ է ունեցել միջազային համագործակցությամբ Հայաստանում աշխատող իրավապաշտպան կազմակերպությունների հետ։

Մայիսի 14-ից անազատության մեջ գտնվող Ավետիք Չալաբյանը և նրա կինը` Անահիտ Ադամյանը, ԱՄՆ Պետդեպի «Էդմունդ Մասքի» կրթական ծրագրի շրջանավարտներ են, Չալաբյանը կառավարման մագիստրոսի կոչումը ստացել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում:

Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար: Չալաբյանին ազատ արձակելու կոչով էր հանդես եկել 80-ից ավելի հասարական գործիչ և գործարար։