ԱՄՀ-ն կարող է քննարկել Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մասուդ Ահմեդին։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը։



Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, գոհունակություն հայտնելով Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր երկրի համագործակցությունից, վարչապետը նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններն անհամեմատ ավելի հեշտ է դիմագրավել միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` ԱՄՀ-ի հետ սերտ փոխգործակցությամբ։



ԱՄՀ-ի տարածաշրջանային տնօրենը եւս ընդգծել է, որ հիմնադրամը կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը եւ պատրաստակամ է ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը։ Վարչապետը համառոտակի ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված ներկա իրավիճակն ու ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերը` ըդգծելով, մասնավորապես, ՀՀ պետական բյուջեի սոցիալական ոլորտին` աշխատավարձերին, թոշակներին ու նպաստներին, առողջապահությանը, կրթությանն ուղղված ծախսերի պաշտպանվածությունը, ՀՆԱ-ի աճի խթանմանն ուղղված միջոցառումները։ Վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ Համաշխարհային բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծելու օպերատիվ աշխատանքային խումբ` ՀՀ մակրոտնտեսական կանխատեսումների եւ հնարավոր սցենարների մշակման համար։

ԱՄՀ-ի տարածաշրջանային տնօրենը դրական է գնահատել ֆինանսական կայունության պահպանման եւ արժույթի փոխարժեքի ճկուն քաղաքականության վերադառնալու ուղղությամբ Հայաստանում իրականացված միջոցառումները։ Ըստ նրա, Արժույթի միջազգային հիմնադրամը եւս այսօր ջանում է ավելի ճկուն քաղաքականություն վարել պետություններին ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցում` ավելի հաշվի առնելով ոչ թե նախատեսված քվոտաները, այլ տվյալ պետության իրական կարիքները։ Մասուդ Ահմեդը նշել է, որ այդ տեսակետից ՀՀ պետական բյուջեի` առավել թիրախային խավերին, աղքատության մակարդակի նվազմանն ուղղված սոցիալական պաշտպանված ծախսերի, ինչպես նաեւ արժույթի փոխարժեքի ճկուն քաղաքականության կիրառման դրական արդյունքների վերաբերյալ լուրջ հիմնավորումների ներկայացման դեպքում, առաջիկայում ԱՄՀ-ն կարող է քննարկել Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցը։
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---