ՀՀ նախագահը դիմել է միջազգային գործընկերներին՝ դատապարտելու ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունները

ՀՀ նախագահը դիմել է միջազգային գործընկերներին՝ դատապարտելու ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունները

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմել է Հայաստանի միջազգային գործընկերներին՝ դատապարտելու ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները, կոչ անելով միջազգային իրավունքի նորմերին համաձայն հարկադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքի և բռնության սանձազերծման գործելաոճից: Այդ մասին ասվում է նրա տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերը ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, հասցվել է զգալի վնաս շինություններին և կառույցներին:

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, մաղթում ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ մեր գործընկերները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ համապատասխան կառույցները ու միջազգային հանրությունը միասնական՝ համարժեք և հասցեական գնահատականներ կհնչեցնեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար՝ տարածքային ամբողջականության սկզբունքի կոպտագույն խախտման, խաղաղության օրակարգի խաթարմանն ուղղված ագրեսիայի վերաբերյալ:

Հորդորում եմ մեր քաղաքացիներին, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին և հասարակական կառույցներին գիտակցելով պահի լրջությունն ու հրամայականը, մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու հակասություններն ու միահամուռ կերպով, անվերապահորեն նեցուկ կանգնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին ու հանրային միասնությանը:

Մեր հայրենիքը համախմբման ու պաշտպանության կարիք ունի և ստեղծված իրավիճակում մեզ բոլորիս պետք է միավորի մեր երկրի պաշտպանության, սահմանների անխաթարելիության, ինքնիշխանության և անվտանգության ապահովման նվիրական գործը»,-ասվում է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---