44-օրյա դաժան պատերազմից անցել է 2 տարի

44-օրյա դաժան պատերազմից անցել է 2 տարի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի՝ 44-օրյա պատերազմի սանձազերծման երկրորդ տարելիցը։

ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվել է Լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյայում նահատակված հերոսների:

Պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատները սեպտեմբերի 26-ի երեկոյից Եռաբլուր պանթեոնում են։

44-օրյա պատերազմում զոհերի ամբողջական անվանացանկը մինչ օրս չի հրապարակվել։ Հայտարարվել է 3825 զոհի մասին, 208 մարդ անհետ կորած է։ Այս թիվն է 2022-ի ապրիլին հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մարտական գործողություններն ընթանում էին արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Մարտերը սկսվել էին սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10-ին։ Հայաստանում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն։

«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից»,-ասվում էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցրեց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ավերածությունների։

Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում էր հումանիտար հրադադար հաստատելու միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ինչի հետևանքով նախարարական մակարդակով ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համաձայնեցված երեք հրադադարներն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, որին հետևեց ՌԴ խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, դադարեցրեց Ադրբեջանի ագրեսիան։

Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին Հադրութը։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

‌Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով 90,000-ից ավել արցախահայ ստիպված էր լքել իր մշտական բնակության վայրերը, որոնց գերակշիռ մասը ներկայումս վերադարձել են Արցախ։ Ավելի քան 40,000 մարդ զրկվեց տնից և ունեցվածքից, ավերվեցին կենսական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ և հիվանդանոցներ։

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը, այլև իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են կրոնական սրբավայրերը և մշակութային ժառանգությունը: ‌

 Ուշագրավ
ՌԴ ԱԴԾ տվյալներով, 2022-ի հուլիս-սեպտեմբերին ՌԴ-ից ՀՀ է մեկնել 267,000 մարդ
Բերման է ենթարկվել Երևանում ՀԱՊԿ նիստերի և Պուտինի այցի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչ Տիգրան Խզմալյանը
---