ԱԳՆ. Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ

ԱԳՆ. Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով այն հարցին, որ քառակողմ հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին և ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ասել է, որ Ադրբեջանը հակված չէ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը հարցը քննարկել Հայաստանի հետ:

Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

«Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցն առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։

Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանն, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ»,-ասել է ԱԳՆ խոսնակը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Նա անդրադարձել է հարցին, թե արդյոք միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ուր ադրբեջանցիները ներխուժել են 2021-ի մայիսին, նոյեմբերին և 2022-ի սեպտեմբերին:

«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան տարածքը սակարկման ենթակա չեն: Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ հայկական կողմի այս դիրքորոշման ամրագրումը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից կարևոր քայլ ենք համարում: Ինչ վերաբերում է ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերմանը, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանմանը, դրանք հրամայական են ցանկացած պարագայում, Պրահայի հայտարարության համատեքստում՝ հատկապես։

Նաև, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրենց հանձնառության հաստատումը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հիմք կհանդիսանա երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների համար»,-ասել է նա։

Հայտարարության մեջ խոսք է գնում նաև այն մասին, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն, իսկ Ադրբեջանը համաձայնվել է համագործակցել այնքանով, որքանով կառնչվի:

Այն հարցին, թե սրանից կարող ե՞նք եզրակացնել, որ Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտորդների տեղակայման՝ Հունանյանը պատասխանել է, որ հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջազգային փաստահավաք և մշտադիտարկման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին:

«ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքինշխան տարածքում: Հաշվի առնելով նշյալը, պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ»,-ասել է նա:

Այն հարցին, թե կարո՞ղ է մանրամասնել, թե սահմանի որ հատվածներում են տեղակայվելու դիտորդները, ինչ հիմնական աշխատանք են նրանք կատարելու, որքանով նրանց ներկայությունը կթուլացնի լարվածությունը սահմանին՝ ԱԳՆ խոսնակն ասել է, որ դրա մասին դեռևս վաղ է խոսել է։

«ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է և իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: Առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի և այլ բնույթի մանրամասների վերաբերյալ, թերևս, խոսելը վաղ է,քանի որ այս հարցերը դեռևս գտնվում են աշխատանքային քննարկումների տիրույթում»,-ասել է Հունանյանը:

Խոսնակը նաև նշել է, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի հարցը հայկական կողմից մշտապես բարձրաձայնվում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումների ընթացքում և Պրահայում տեղի ունեցած հանդիպումները նույնպես բացառություն չէին:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---