ՀՀ-ում հաջողությամբ անցել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 17-րդ օլիմպիադայի եզրափակիչը

ՀՀ-ում հաջողությամբ անցել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 17-րդ օլիմպիադայի եզրափակիչը

PanARMENIAN.Net - Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարել է, որ Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 17-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը հաջողությամբ է անցել։ Օլիմպիադային մասնակցել է 12 երկիր ներակայացնող 307 մասնակից՝ Արգենտինայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Հայաստանից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից:

Օլիմպիադան կազմակերպվել է երկու փուլով: Առաջին փուլը, որն անցկացվել է միաժամանակ 12 մասնակից երկրներում, ներառել է թեստ՝ ելակետ սահմանելու համար: Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի երկրորդ՝ եզրափակիչ փուլն անցկացվել է 2022-ի հոկտեմբերի 10-ին՝ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչ փուլ դուրս եկած 12 երկրից 24 մասնակից պայքարել է գլխավոր մրցանակների համար՝ հաղթահարելով բարդ լուծումներ պահանջող ճարտարագիտական դժվարին առաջադրանքներ: Այդ 24 մասնակցից 11-ը Հայաստանից է, իսկ 13-ը` այլ երկրներից:

«Օլիմպիադայի մասնակիցների՝ միկրոէլեկտրոնիկայի բնագավառում գիտելիքների մակարդակը տարեցտարի բարձրանում է, ինչը վկայում է այն մասին, որ օլիմպիադան ծառայում է իր հիմնական նպատակին», - ասել է Օլիմպիադայի ծրագրերի հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ «Սինոփսիս Արմենիայի» նախաձեռնությամբ։

«Սինոփսիսը» հավատարմորեն և հետևողականորեն իր ներդրումն է ունենում միկրոէլեկտրոնիկայի կրթության զարգացման մեջ», - ասել է «Սինոփսիսի» առաջատար գիտնական և գլխավոր ճարտարագետ, «Սինոփսիս Արմենիայի» նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը:

«Նման մրցույթներն ու օլիմպիադաներն օգնում են պարզել միկրոէլեկտրոնիկայի մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ կրթական ծրագրերում և ուսումնական նյութերում անհրաժեշտ ճշգրտումներ անելու համար»,-ասել է նա։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան անցկացվել է Էլեկտրական և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի՝ աշխարհի խոշորագույն տեխնիկական մասնագիտական կազմակերպության, Ստուգման տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE tttc) հետ համագործակցությամբ: Հատկանշական է, որ «Սինոփսիս»-ի առաջատար գիտնական և գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը 2022 թվականի սեպտեմբերի 27-ին 53-րդ միջազգային թեստային համաժողովի (ITC) բացման լիագումար նիստում ստացել է IEEE TTTC Lifetime Contribution Medal՝ միկրոէլեկտրոնիկայի կրթության առաջխաղացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Վիվա-ՄՏՍ-ը, տասնյոթերորդ անգամ անընդմեջ, Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի գլխավոր գործընկերն է։ Հիմնական աջակիցներն են «Յունիքոմփը» և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Օլիմպիադայի հովանավորներից են՝ ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր» տեխնոպարկը և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը։

«Ժամանակակից քաղաքակրթությունը, մեզ ծառայող իր ենթակառուցվածքով, հենվում է միկրոէլեկտրոնիկայի ձեռքբերումների վրա: Ապագայում մեր կախվածությունը միկրոէլեկտրոնիկայից ավելի է ուժեղանալու: Վիվա-ՄՏՍ-ն ունի երկարաժամկետ զարգացման իր տեսլականը, և մենք աշխատում ենք ներդաշնակեցնել այն՝ բոլոր շահառուների հետ, քանի որ E2E (End-to-End` համապարփակ) լուծումներ առաջարկող ընկերություն ենք: Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի զարգացումը կբերի կյանքի որակի բարելավման, մրցակցային առավելության, հայրենիքում մնալու, կայանալու, երեխաներ մեծացնելու, երկիրը շենացնելու հնարավորության»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 17-րդ օլիմպիադայի հաղթողների անունները հայտարարվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Մատենադարանի դահլիճում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ.

Առաջին մրցանակակիր է դարձել արգենտինացի Իգնասիո դե Պեդրոն։

Երկրորդ տեղը զբաղեցրել է սերբ Վասիլիե Նոսովիչը։

Երրորդ երկու մրցանակներ շնորհվել են Ռոդրիգո դո Նասիմենտո Տոլեդոյին Բրազիլիայից և Արմեն Բաբայանին Հայաստանից

Օլիմպիադան բացահայտում է մինչև 30 տարեկան ամենավառ և տաղանդավոր ուսանողներին: Օլիմպիադայի նպատակներն են.

խթանել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը,

ստեղծել երիտասարդ մասնագետների համաշխարհային համայնք,

հասկանալ միկրոէլեկտրոնիկայի գիտելիքների մակարդակը և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել կրթական ծրագրերում,

բարձրացնել Հայաստանի տեսանելիությունն ու Հայաստանի մասին իրազեկումը՝ որպես միկրոէլեկտրոնիկայի առաջատար կենտրոն։

«Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան դարձել է Հայաստանի բրենդային իրադարձություններից մեկը վերջին 17 տարիների ընթացքում: Միայն այն փաստը, որ առաջին փուլում օլիմպիադաներն անցկացվում են տասնյակ երկրներում և հաղթողներն այցելում են Հայաստան՝ մասնակցելու եզրափակիչ փուլին, մեծացնում է Հայաստանի տեսանելիությունը ողջ աշխարհում՝ որպես Միկրոէլեկտրոնիկայի կրթության մեջ ամուր ավանդույթներ ունեցող երկիր»,- ասել է Օլիմպիադայի կազմկոմիտեի փոխնախագահ, Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Օլիմպիադայի թեմաները ներառել են՝ «Թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում», «Անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում», «Կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա» և «Էլեկտրոնային նախագծման ավտոմատացման մաթեմատիկական և ալգորիթմական խնդիրներ»:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կայք։‌

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---