Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Ալիևին․ Այդ խոսքերը չեն ազդում ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության առաջմղման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի վրա

Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Ալիևին․ Այդ խոսքերը չեն ազդում ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության առաջմղման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի վրա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեկնաբանությանը նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ՝ նշելով, որ այդ խոսքերը չեն ազդում ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության առաջմղման ուղղությամբ երկրի ջանքերի համակողմանի մոբիլիզացիայի վրա, գրում է Shantnews.am-ը։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահի անհարկի և սադրիչ հայտարարություններից հետո Բաքուն ոչ մի հնարավորություն չի տեսնում Փարիզի համար՝ որպես միջնորդ մասնակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ և անընդունելի էր անվանել Մակրոնի հայտարարությունները Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

«Այս խոսքերը ոչ մի կերպ չեն ազդում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջմղման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի համակողմանի մոբիլիզացիայի վրա։ Հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Շառլ Միշելի (ԵԽ նախագահի), նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված քառակողմ հանդիպումը կարողացավ կայանալ հենց հանրապետության նախագահի հանձնառության շնորհիվ: Այս հանդիպումը թույլ տվեց առաջընթաց գրանցել այդ նպատակին հասնելու գործում, ինչն արտացոլված է այդ առիթով ընդունված հռչակագրում։ Ֆրանսիան նաև լիովին աջակցում է այն գործընթացին, որը նախաձեռնվել է ԵՄ-ի հետ համատեղ՝ այդ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների հասնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Մակրոնը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու համար:

«Ի՞նչ է տեղի ունեցել սահմանին վերջին երկու տարում։ 5000 ռուս զինվորներ գտնվում են այնտեղ՝ իբր սահմանների պահպանությունը երաշխավորելու համար, սակայն ռուսներն օգտվեցին այս հակամարտությունից, ադրբեջանական խաղը խաղացին՝ թուրքական մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, մի երկիր, որի հետ նախկինում մտերիմ էին»,- ասել է Մակրոնը՝ հավելելով՝ «պարզ ասած, Ֆրանսիան այստեղ է, ներկա է և միջնորդ ուժ է, իսկ հայերին չենք լքի», ասել էր նա։

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---