Փաշինյան․ Բազմիցս համոզվել ենք, որ Ֆրանսիան դժվարին իրավիճակներում մշտապես ՀՀ կողքին է

Փաշինյան․ Բազմիցս համոզվել ենք, որ Ֆրանսիան դժվարին իրավիճակներում մշտապես ՀՀ կողքին է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի խորհրդարանի Անն-Լորանս Պետելի գլխավորած Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ Երևանում կայացած հանդիպմանը, գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ստացել են նոր դինամիկա, ինչի արդյունքն է նաև տարբեր մակարդակներում հաճախակի փոխայցելությունները:

«Այս ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է և դժվարին իրավիճակներում մշտապես գտնվում է Հայաստանի կողքին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է երկկողմ փոխգործակցության հետևողական զարգացմամբ բոլոր ոլորտներում:

Անն-Լորանս Պետելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ հավելել, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը մեր երկրին մարտահրավերների հաղթահարման գործում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման քայլերին, արդեն իսկ Հայաստանում գտնվող ԵՄ առաքելության գործունեությանը: Վարչապետը շեշտել է Ֆրանսիայի կարևորագույն դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն:

Մտքեր են փոխանակվել երկու երկրների տնտեսական կապերի և առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ հետագա քայլերի շուրջ: Քննարկվել են ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, ավիափոխադրումների, ներդրումների, գյուղատնտեսության, առողջապահության, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

Հոկտեմբերի 14-ին Երևան էր ժամանել Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգի առաքելության աշխատանքները նախապատրաստելու նպատակով: Հոկտեմբերի 27-ին Եվրամիության դիտորդները սկսել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---