Մնացականյան․ Բելառուսը ՀԱՊԿ-ը վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության

Մնացականյան․ Բելառուսը ՀԱՊԿ-ը վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության

PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում մի շարք գրառումներ է կատարել՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։

Նա նշել է, որ Բելառուսը ՀԱՊԿ-ը վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության։

«ՀԱՊԿ-ն ամեն ինչ է, բայց ոչ հավաքական անվտանգություն իր անդամների համար: Բելառուսն այն բացահայտորեն վերածում է Ադրբեջանի հավաքական անվտանգության կազմակերպության։ Բելառուսի հետ կապված իրավիճակի զավեշտն այն է, որ թեև նրանք ՀԱՊԿ-ից բացի, նաև Չմիացած երկրների շարժման անդամ են։ Ինչպիսի զավեշտ»,- գրել է նա:

Մեկ այլ գրառման մեջ Մնացականյանը բռնապետ է անվանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և նշել՝ զարմանալի չէ, որ նա «յուրային է» համարում Ադրբեջանի նախագահին:

«Բելառուսի բռնապետի բթամիտ դատողությունները և հուզական պոռթկումները վտանգավոր են այնքանով, որ նա ձգտում է մյուսներին էլ իր մակարդակին հավասարեցնել: Անշուշտ, նա իր շրջապատում նախընտրում է «յուրային մարդուն» Ադրբեջանից։ Աշխարհի բռնապետե՛ր, միավորվեք»,- ասվում է մյուս գրառման մեջ։

Մեկ այլ գրառման մեջ նախկին ԱԳ նախարարը փաստում է, որ ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի ինքնիշխան տարածքն օկուպացված է Ադրբեջանի կողմից և ցանկացած խաղաղ բանակցություն «առանց անհապաղ լիակատար դեօկուպացիայի ծաղր է խաղաղության նկատմամբ»։

Անդրադառնալով Արցախի ապագայի շուրջ քննարկումներին՝ Մնացականյանը գրել է, որ «Արցախի դիտարկումը առանց նրա ժողովրդին սպառնացող իրական, շոշափելի, գոյաբանական սպառնալիքին անդրադառնալու, նշանակում է օժանդակել այն հանցագործություններին, որոնք Ադրբեջանը պատրաստվում է իրականացնել»։

«Նրանք նման միտումների բազմաթիվ ազդակներ են ի ցույց դրել»,- գրել է նա։

Լուկաշենկոն ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած 2 ակնկալիքին՝ քաղաքական գնահատական տալու Բաքվի ագրեսիային և ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի մասին, ասել է՝ «դուք ի՞նչ է՝ չգիտեք մեր դիրքորոշումը, ի՞նչ ճանապարհային քարտեզ»։

«Այսօր Ադրբեջանը ղեկավարող Իլհամ Ալիևը լիովին մեր մարդն է, ինչ կլինի վաղը, ոչ ոք հավերժ չէ, ոչ ոք չգիտի, ուստի այդ սուր հարցերը հիմա է պետք լուծել, Ադրբեջանի գործող ղեկավարության օրոք, ով էլ կանգնած լինի Ադրբեջանի թիկունքին։ Թուրքիայի մասին են խոսում։ Հետո՞ ինչ։ Դա քաղաքականություն է։ Թուրքիան սատարում է Ադրբեջանին, որվհետև նրանք մերձավոր և հարազատ երկրներ են։ Այդպես կարելի է ՌԴ-ին մեղադրել, թե ինչու է՝ Բելառուսին օգնում․․․»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---