Մարտակերտում բացվել է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը

Մարտակերտում բացվել է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը

PanARMENIAN.Net - Արցախի Մարտակերտ քաղաքում բացվել է 12-րդ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), Ֆրանսիայի Սարսել քաղաքի և Սարսելի հայկական մշակութային միության ջանքերով։

Ներկա էին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, ԱԺ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, փոխնախարարներ, ԱՏՁՄ ներկայացուցիչներ, այլ հյուրեր։

Նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի Ֆրանկոֆոնիայի կենտրոնում՝ ԱՏՁՄ-ի, Արցախի կառավարության, «Համազգային հայ կրթական և մշակութային Արցախ» կենտրոնի, «Արցախին օգնության մարմին» հիմնադրամի և Արցախի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի համագործակցությամբ տեղի է ունեցել Արցախի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների մարզային ցուցահանդեսը, որին մասնակցել են Արցախի 24 «Արմաթ» աշխատանոցներ, հայտնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Ցուցահանդեսին զուգահեռ տեղի է ունեցել սև գծին հետևող ռոբոտների մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել Ասկերանի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել նաև Սոսի և Նորշենի միջնակարգ դպրոցների «Արմաթ» աշխատանոցները։

Արցախում գործում է 24 «Արմաթ» ճարտարագիտական և 2 «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց։

«Արմաթ»-ում 10-18 տարեկան աշակերտները ստանում են անվճար ճարտարագիտական կրթություն և վաղ հասակից ինքնադրսևորվում են ծրագրավորման, եռաչափ մոդելավորման և ռոբոտաշինության ոլորտներում։

«Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցներում 14-18 տարեկան պատանիները հնարավորություն են ունենում ստանալ անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնել դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։

«Արմաթ» ազգային ծրագիրն այժմ գործում է ավելի քան 630 աշխատանոցներում և կրթում մոտ 17,000 սաների։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---