Պուտինն ու Փաշինյանը խոսել են տարածաշրջանային անվտանգային հարցերի, ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

Պուտինն ու Փաշինյանը խոսել են տարածաշրջանային անվտանգային հարցերի, ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

PanARMENIAN.Net - Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:

Իր խոսքում Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ոչ բոլոր հարցերի շուրջ հաջողվեց հասնել կոնսենսուսի, 17 որոշումից 15-ն ընդունվեց:

«Հույս ունեմ, որ այս ձևաչափով մեզ կհաջողվի քննարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը, որը շատ հագեցած է: Պետք է ընդգծել, որ մեր երկկողմ տնտեսական կապերը զարգանում են մեծ տեմպերով: Ես նկատեցի, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 80 տոկոսով: Իհարկե, դա կապված է լոգիստիկ շղթաների որոշ փոփոխություններով, բայց դա փաստ է, որը ստեղծում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար:

Իհարկե, մենք այսօր արդեն քննարկել ենք և կքննարկենք տարածաշրջանային բնույթի հարցեր, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Կան բազմաթիվ հարցեր, ՀԱԽ նիստում ես խոսեցի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին, որոնք մենք Ձեր օգնությամբ և միջնորդությամբ ընդունել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Դրանք շատ կարևոր հարցեր են, որոնք իհարկե պետք է քննարկենք, ինչպես նաև քննարկենք օրակարգը, որը հույս ունենք կբերի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության»,-ասել է նա:

Պուտինը նշել է, որ հազվադեպ է հաջողվում համաձայնության հասնել բոլոր հարցերի շուրջ, բայց ընդհանուր առմամբ, աշխատանքը շատ ինտենսիվ տարվեց և օգտակար:

«Դուք ընդգծեցիք նաև մեր երկկողմ հարաբերությունները, որոնք, անկասկած, համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ, հաճախ նաև անհրաժեշտություն չկա մտնել պատմության մեջ, մեզ համար առանց այդ էլ պարզ է ինչ է դա, ինչպիսի նշանակություն այն ունի մեր երկկողմ հարաբերությունների համար:

Ինչ վերաբերվում է այսօրվան, ապա եթե նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել էր 12 տոկոսով, ապա ընթացիկ տարվա 9 ամիսներին այն արդեն աճել է 67 տոկոսով: Այո, դա պայմանավորված է այսօրվա առանձնահատկություններով, բայց, անկասկած, այն կլինի հիմք նաև ապագայի համար: Այստեղ որևէ կասկած չկա:

Երբ հանդիպեցինք, ավտոմեքենայով գալիս էինք, քննարկեցինք տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում կարգավորմանը վերաբերող հարցեր, խոսեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Շատ ուրախ եմ, որ այսօրվա միջոցառումների շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կա»,-ասել է Պուտինը։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ նշելով, որ ստորագրման ներկայացված նախագիծը վերջնական տեսքի չի բերվել։

Փաշինյանը նշել է, որ իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և որոշումը չկայացնելը կարող է նշանակել «ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։ Նա հավելել է, որ Հայաստանն առաջարկում է ՀԱՊԿ ՀԱԽ որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանն իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---