Սյունիքը ներկայացնող պատգամավորներն այլևս «Վերածնվող Հայաստան» կուսակցության մաս չեն

Սյունիքը ներկայացնող պատգամավորներն այլևս «Վերածնվող Հայաստան» կուսակցության մաս չեն

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սյունիքը ներկայացնող պատգամավորներն այլևս «Վերածնվող Հայաստան» կուսակցության մաս չեն կազմում, բայց միևնույն ժամանակ հանդիսանում են ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ։

Նրա խոսքով՝ այն իլյուզիաները, որոնք որոշ մարդիկ տածում են, թե «Հայաստան» խմբակցությունը կազմաքանդվում է, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Panorama.am-ը։

«Ես, Արթուր Սարգսյանը, ինչպես նաև Վահե Հակոբյանը շարունակում ենք լինել «Հայաստան» խմբակցության անդամ, պահպանում ենք գործընկերային հարաբերությունները, ուղղակի ես և Արթուր Սարգսյանը հանդիսանում ենք խմբակցության պատգամավորներ, բայց ոչ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ»,- հայտարարեել է Գրիգորյանը։

Հարցին, թե որն է կուսակցությունից դուրս գալու պատճառը, պատգամավորը պատասխանել է․ «Քանի դեռ մեր երկրում կան ներքաղաքական լարված իրավիճակ և արտաքին լրջագույն մարտահրավերներ, ես կարծում եմ, որ այս պահին տեղին չէ ներթիմային որոշ տարաձայնությունների մասին բարձրաձայնել։ Կարծում եմ՝ կգա այդ մասին խոսելու օրը, բայց հենց այսօր նպատակահարմար չեմ գտնում դրանց մասին խոսելու։ Ուղղակի պետք է արձանագրենք՝ մենք դուրս ենք եկել կուսակցությունից, բայց հանդիսանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։ Խմբակցությունը կուռ է և շարունակում է իր գործունեությունն այնպես, ինչպես նախկինում»։

Գրիգորյանը նշել է նաև, որ սյունեցի պատգամավորների համագործակցությունը «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավարի հետ դադարեցվել է որոշ ժամանակ առաջ, իսկ պաշտոնապես՝ մեկ ամիս առաջ, սակայն դա որևէ կապ չունի ինչ-որ քրեական հետապնդումների հետ։

«Գիտենք, որ այս իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում ապօրինի քրեական հետապնդումներ իրականացնել քաղաքական գործիչների նկատմամբ»,- ընդգծել է նա։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ճիշտ են Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունները, թե ինքն ունի հստակ աղբյուրներ և գիտի, որ «Հայաստան» դաշինքը կազմալուծվելու է՝ Աննա Գրիգորյանը պատասխանել է. «Դա պարզապես թեթև ծիծաղ է առաջացնում»։

Աժ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները մի քանի ամսվա փողոցային պայքարից հետո վերադարձել են խորհրդարան։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---