22 դեկտեմբերի 2022 - 12:05 AMT
Հումանիտար ոլորտի առաջնորդները կոչ են արել օդային միջանցք բացել՝ կանխելու համար աղետն Արցախում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամները և համաշխարհային մարդասիրական համայնքի առաջնորդները հայտարարություն են տարածել Արցախում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ, որն սպառնում է վերածվելու տարածաշրջանում լայնածավալ հումանիտար ճգնաժամի, հայտնում է IDeA հիմնադրամը։

Միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու խաղաղության ակտիվիստներն անհապաղ գործողությունների կոչ են արել և նշել, որ օդային փոխադրումների կազմակերպումն ու Արցախի բնակչությանն օգնության ձեռք մեկնելն անմիջականորեն համապատասխանում է «Պաշտպանելու պատասխանատվություն» իրավական դոկտրինին (R2P)։

«2022 թ. դեկտեմբերի 12-ին ադրբեջանական ուժերը փակեցին Հայաստանն Արցախին կապող ցամաքային միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Մինչև շրջափակումը միջանցքն օգտագործվում էր կենսական նշանակության պարագաներ, այդ թվում՝ սնունդ և դեղորայք հասցնելու համար: Այս շրջափակումն ինքնին ստեղծում է հումանիտար աղետ: Դեկտեմբերի 13-ին, օգտվելով աշխարհի անտարբերությունից, Ադրբեջանը դադարեցրեց նաև գազամատակարարումը, ինչը տեղի բնակչությանը կանգնեցրեց ցրտահարության անմիջական վտանգի առաջ:

Այժմ Արցախում ծավալվող իրադարձությունները մեզ հիշեցնում են Սրեբրենիցայի ողբերգությունը 1995 թվականին: Հազարավոր մարդիկ զոհվեցին, երբ նմանատիպ սադրանքներին ժամանակին չարձագանքելը և միջազգային խաղաղապահների ընդհանուր անգործությունը հանգեցրեցին խաղաղ բնակչության զանգվածային սպանդի, որն էլ հետագայում հայտնի դարձավ իբրև Սրեբրենիցայի ցեղասպանություն: Սա չպետք է տեղի ունենա Արցախում, հատկապես երբ կան դա կանխելու հայտնի միջոցներ։

Սա արդեն հաջողությամբ իրականացվել է նախկինում: 1948 թ. ճգնաժամ սկսվեց Բեռլինում, որը բաժանվել և վերահսկվում էր Դաշնակցային ուժերի և Խորհրդային զորքերի կողմից: Քանի որ Ստալինը փորձում էր մեկուսացնել քաղաքը և սովի մատնել՝ զրկելով այն սննդից, ջրից և էլեկտրաէներգիայից, միակ կապն օդային միջանցքներն էինք, որոնք օգտագործվում էին ԱՄՆ զորքերի կողմից՝ բեռներ հասցնելու համար մեկուսացված հատվածներ:

Օդային փոխադրումների կազմակերպումն ու Արցախի բնակչությանն օգնության ձեռք մեկնելն անմիջականորեն համապատասխանում է «Պաշտպանելու պատասխանատվություն» իրավական դոկտրինին (R2P), որը սահմանում է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում միջամտելու և համապատասխան հավաքական գործողություններ ձեռնարկելու, եթե առանձին պետության բնակչությունը բախվում է ցեղասպանության վտանգի, ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների։ Այս գլոբալ քաղաքական և իրավական պարտավորությունը հատուկ նախագծված է նման իրավիճակները կանխելու և լուծելու համար, որն էլ պետք է կիրառվի այս դեպքում։

Մենք զուգահեռներ ենք անցկացնում 1948 թ. Բեռլինի ճգնաժամի և այսօրվա իրավիճակի միջև, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքական առաջնորդներն սկսեցին բարձրաձայնել՝ «Այլևս երբեք» արտահայտությունը։ Թերևս հաճելի է կրկնել այս արտահայտությունը, բայց այն այդպես էլ կմնա զգացմունքային մակարդակում, քանի դեռ չկան որոշակի շոշափելի գործողություններ՝ այն իրագործելու համար: Արցախը հնարավորություն է ամբողջ աշխարհի համար՝ կանխելու ժամանակակից ցեղասպանությունը, քանզի դա չանելու հետևանքները չափազանց սարսափելի կլինեն նույնիսկ դիտարկելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ 2022 թ. դեկտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները շատ պարզ բացահայտեցին Ալիեւի կառավարության իրական մտադրություններն արցախահայության նկատմամբ։

«Փորձելով նրանց ուժով դուրս քշել իրենց հողից եւ ձախողելով, կամ ինչպես ինքն է ասել՝ «շան պես հետապնդելով Արցախի բնակչությանը»՝ նախագահ Ալիեւն այժմ ավելի քան պատրաստ է նրանց ենթարկել ցրտահարության եւ սովի: Չի կարելի դա թույլ տալ նրան, ոչ էլ կարելի է նրան տալ որեւէ իրավունք ղեկավարելու արցախահայությանը, քանի որ նա արդեն դրսեւորել է նրանց մասին մտահոգության բացահայտ բացակայություն:

Հիտլերի օրինակը մի քանի նորագույնների հետ միասին պետք է սովորեցներ մեզ, որ բռնապետներին հնարավոր չէ հանդարտեցնել: Նրանք հասկանում են միայն հաշվետու լինելու լեզուն։ Որքան արագ լինի միջամտությունը, այնքան ավելի քիչ ուժ կպահանջվի նրանց ծրագրերը տապալելու համար: Ապարդյուն է բռնապետին աղերսելը կամ համբերատար սպասելը, որ նա կփոխի իր միտքը․ ընդհակառակը, դա կքաջալերի նրան երկարաձգելու նրանց տառապանքը, ում հետապնդում է: Նախագահ Ալիեւին պետք է կանգնեցնել, եւ աշխարհի պատասխանատվությունն է անել դա րոպե առաջ»,-ասվում է հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։