Գրիգորյան․ Առաջարկել ենք ստեղծել խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ

Գրիգորյան․ Առաջարկել ենք ստեղծել խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին առնչվող հայկական կողմի առաջարկներին, ասել է, որ Հայաստանն առաջարկել է ստեղծել խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ։

Հարցին, թե հնարավոր է արդյոք մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրում, նա պատասխանել է, որ եթե Ադրբեջանն այդ առաջարկներին դրական արձագանքի, հնարավոր է, գրում է «Առավոտը»։

«ՀՀ-ն շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ։ ՀՀ-ն իր քայլը կատարել է։ Ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի՝ «կառուցողական դերը» տարածաշրջանում, երբ խաղաղության շուրջ բանակցություններ են ընթանում, բայց Լաչինի միջանցքն Ադրբեջանը փակում է այսպես կոչված բնապահպանների միջոցով։ Չգիտեմ՝ բնապահպանների մեջ գեներալ, կապիտան պաշտոնով մարդիկ կա՞ն, բայց այն, որ այդ մարդիկ Ադրբեջանի պաշտպանության, կառավարության ներկայացուցիչներ են, միանշանակ է։ Այս առումով Ադրբեջանն է այդ շրջափակումը կազմակերպել՝ հենց իշխանությունը, այդ քայլը որևէ կապ չունի որևէ քաղաքացիական բնապահպանների հետ»,-ասել է նա։

Այն հարցին, թե որքանո՞վ իմաստ ունի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե նա չի պահպանում նոյեմբերի 9-ի պարտավորությունները, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «Խաղաղության պայմանագրի տեքստում առաջարկել ենք այսպես կոչված գարանտորների ինստիտուտ, միջազգային կազմակերպությունների, պետությունների կողմից՝ որպես երաշխավոր, այսինքն՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ։ Դա կկարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը։ Մենք նաև առաջարկել ենք, որ մեխանիզմ ստեղծվի միջազգային դատարան դիմելու։ Եթե առաջանում է ճգնաժամ, և հնարավոր չէ այն լուծել, դիմենք միջազգային դատարան դա համաձայնեցնելու համար»։

Անդրադառնալով այն հարցին, թե երաշխավոր ո՞ր երկրները կարող են լինել՝ Արմեն Գրիգորյանն ասել է, որ այդ հարցը բաց ենք թողել։

«Դա կախված է պետություններից, որոնք պատրաստակամություն կհայտնեն նման երաշխավորի դերակատարություն վերցնել»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը,ասել է, որ փաստացի իր պարտավորությունները, այն է՝ վերահսկողության տակ պահել միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---