Կիրակոսյան. ՄԻԵԴ-ի պահանջի չկատարման դեպքում կարող է քննարկվել Բաքվի նկատմամբ պատժամիջոցների հարցը

Կիրակոսյան. ՄԻԵԴ-ի պահանջի չկատարման դեպքում կարող է քննարկվել Բաքվի նկատմամբ պատժամիջոցների հարցը

PanARMENIAN.Net - Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ Հայաստանի երկու պահանջից միայն մեկն է բավարարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) իր միջանկյալ որոշմամբ։ Չնայած որոշումն ուժի մեջ է դեկտեմբերի 21-ից, Բաքուն դեռ չի կատարել այն՝ թույլ տալով ճամփին մնացածներին տուն հասնել, իսկ հիվանդներին՝ Երևան, բուժման։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հարցին, թե ինչ կլինի, եթե որոշումը մնա թղթի վրա, ասել է, որ այս հարցը կհասնի մինչև Եվրոպայի խորհուրդ, կքննարկվի Բաքվի նկատմամբ քաղաքական պատժամիջոցների հարցը, հայտնում է «Ազատությունը»։

Միջազգային դատարանը Բաքվին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու միջանցքով Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին առանց սննդի և գոյության անհրաժեշտ միջոցների մնացած այլոց տեղաշարժը, նաև վերականգնել գազամատակարարումը։ Միջանցքը բացելու ուղիղ պահանջ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին չի ներկայացրել։

«Սա նշանակում է, որ առաջին հերթին, դե, առողջական խնդիրներ ունեցողները պարզ է, երկրորդ հերթին՝ մարդիկ, ովքեր մնացել են ճանապարհին, առանց օթևանի կամ առանց ապրուստի միջոցների, այսինքն՝ Արցախում են մնացել, կամ մնացել են Հայաստանում, կամ Արցախից Հայաստան, կամ Հայաստանից Արցախ ճանապարհին, անկախ նրանից, թե որ հատվածում են, իրենք իրավունք ունեն։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել այդ մարդկանց անվտանգ անցումն իր ճանապարհով: Սա է շրջանակը, կարծում եմ, այն, ինչ գրված է որոշման մեջ», - ասել է Կիրակոսյանը:

Նրա գնահատմամբ՝ ՄԻԵԴ-ի որոշումն արտացոլում է օբյեկտիվ իրականությունը։

Հարցին, թե ինչո՞ւ չի բավարարվել հայկական կողմի հիմնական՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջը՝ Կիրակոսյանը պատասխանել է. «Դատարանից ակնկալել, թե ինքը միայն ասելու էր, որ բացեք ընդհանրապես, դա սխալ կլիներ, որովհետև դատարանը երբեք այդպիսի բան չէր ասի՝ դատարանը ցանկացած իր գործողություն պետք է կապի կոնկրետ իրավունքի հետ, այս դեպքում երկրորդ, երրորդ հոդվածներով իրավունքի արժեքների հետ: Դատարանն ունի որոշակի սահմանափակվածություններ, այսինքն՝ դատարանը միջանկյալ միջոց կիրառելու շրջանակը կամ այդ գործերի շրջանակը, իր նախադեպային իրավունքի տրամաբանության տակ սահմանափակված է կոնվենցիայի երկրորդ՝ կյանքի իրավունքը պաշտպանող և երրորդ, որը անմարդկային, դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքի հոդվածն է»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---