Բեգլարյան. Բոլորս պատասխանատու ենք այս իրավիճակի համար, Արցախի և ՀՀ իշխանություններն անհամեմատ ավելի շատ

Բեգլարյան. Բոլորս պատասխանատու ենք այս իրավիճակի համար, Արցախի և ՀՀ իշխանություններն անհամեմատ ավելի շատ

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը և այն հանգամանքին, որ դատապարտումներ լինում են տարբեր երկրներից, բայց ոչինչ չի փոխվում, ասել է, որ բոլորն են պատասխանատու այս իրավիճակի համար, «Արցախի և Հայաստանի իշխանություններն անհամեմատ ավելի շատ», հայտնում է «Առավոտը»։

Բեգլարյանը, որն անժամկետ նստացույց էր անում Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև, հայտարարել էր, որ այսուհետ քարոզչական աշխատանքը կընթանա այլ ձևաչափով, նույն վայրում` յուրաքանչյուր օր՝ ժամը 19:00-ից, մտքերի փոխանակման և ազատ զրույցի ձևով, որտեղ էլ պատասխանել է հարցերին։

«Որպես Արցախի պաշտոնյա կոռեկտ չեմ համարում լրիվ գնահատական տալ մինչև այս պահը Հայաստանի իշխանության իրականացրած գործողություններին: Այո, որոշակի գործողություններ կատարվել են: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումը Հայաստանի նախաձեռնությունն էր, Հայաստանի դիմումի հիման վրա էր, Եվրոպական դատարանում հայցը և միջանկյալ միջոցի կիրառումը Հայաստանի կառավարության գործողությունների արդյունքն էր ու մի շարք այլ բաներ:

Բայց խոշոր առումով քանի որ արդյունք չկա, ես կարծում եմ, որ և Հայաստանի իշխանությունը, և Հայաստանի հանրությունը, տարբեր կազմակերպություններ, և սփյուռքի համայնքներն ու կազմակերպությունները արդյունավետ չեն աշխատում: Մենք բոլորս արդյունավետ չենք աշխատում: Նաև իմ պարագայում: Այսինքն, մենք բոլորս պատասխանատու ենք այս իրավիճակի համար, ամեն մեկը իր չափով: Արցախի և Հայաստանի իշխանությունները անհամեմատ ավելի շատ, տարբեր անձինք, խմբեր ու կազմակերպություններ` ավելի քիչ: Բայց ես տեսնում եմ, որ հիմնականում անտարբերություն է կամ անարդյունավետ աշխատանք է»,- ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
---