Գարեգին Երկրորդը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը առաջիկայում կբացառի մարդկության հանդեպ նոր ոճրագործությունները: Այս մասին ասվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակում` նվիրված շուրջ 30 հազար հայորդիների կյանքը խլած Ադանայի հայոց կոտորածների 100-ամյա տարելիցին:



«Կիլիկիայի ջարդերը շարունակությունն էին հայերին բնաջնջելու միջոցով Հայկական հարցը վերացնելու Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ծրագրի: 1890-ականներին Օսմանյան Թուրքիայում արյունալի կոտորածներով ոչնչացվել էր շուրջ երեք հարյուր հազար հայություն: Թուրքիայում իշխանության գլուխ անցած երիտթուրքերը, ովքեր երաշխավորել էին ազգերի հավասարություն, մարդկանց իրավունքների պաշտպանություն, անձի եւ գոյքի ապահովություն, առավել սաստկացրեցին հալածանքները պատմական իր Հայրենիքում եւ Թուրքիայի այլ հատվածներում ապրող հայ ժողովրդի հանդեպ: 1909 թ. ապրիլին Ադանայում նոր կազմակերպված ջարդեր սկսվեցին: Կոտորածներին զոհ գնացին եւս երեսուն հազար հայորդիներ: Ապրելու իր իրավունքը եւ ազատ կյանքը պաշտպանելու համար հայությունը դիմեց զենքի եւ ինքնապաշտպանության, հոգում` հավատքն ու ապավինությունն առ Աստված, սրտում` սերն առ Հայրենին եւ Մայր Եկեղեցին:



Ավելի քան ինը տասնամյակներ են անցել Հայոց Եղեռնից: Սակայն թուրքական իշխանությունների կողմից ծրագրված Ցեղասպանությամբ մեկ եւ կես միլիոնից ավելի հայորդիներ կորցրած, եղեռնահար մեր ժողովուրդը չդադարեց հուսալ համընդհանուր դատապարտումը մեր նախնյաց դեմ գործված եղեռնագործության` վասն արդարության բողոքի իր ձայնը միշտ հնչեցնելով ի լուր աշխարհի, որպեսզի նման ողբերգություններն այլեւս երբեք չմթագնեն մարդկության կյանքը»,-ասվում է կոնդակում:



Հայոց Եղեռնը արյունալի եւ անլուր ողբերգության մռայլ էջ բացեց ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ ազգերի պատմության մէջ: Հայոց Ցեղասպանության դատապարտության հապաղումը խրախույս դարձավ նմանօրինակ ոճրագործությունների, աշխարհը վկան եղավ նոր ցեղասպանությունների: «Մարդկային կյանքում ազգայնահալած քաղաքականության եւ նացիզմի դրսեւորումներն այսօր մտահոգության լուրջ խնդիր են եւ պահանջում են միջազգային հանրության միասնական, համընդհանուր եւ անհապաղ դատապարտությունը: Ազգային խտրականությունը, ազգերի իրավունքների ոտնահարումներն ու բռնությունները, ազգամիջյան անհանդուրժողականությունը, ժողովրդների դեմ գործվող հանցանքները բացառելու կամքի եւ ձգտումի արտահայտությունը պիտի լինի Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը: Ազգս հայոց այս հույսով ու հավատով, սակայն Եղեռնի չապաքինված ցավը եւ Հայ Դատի արդար պահանջը սրտում` իր նոր կյանքն է կերտում ազատ ու անկախ իր Հայրենիքում եւ ի սփուռս աշխարհի»,-ասվում է Գարեգին Երկրորդի կոնդակում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---