Հայաստանում մնացած արցախցի երեխաները հունվարի 9-ից դպրոց կհաճախեն

Հայաստանում մնացած արցախցի երեխաները հունվարի 9-ից դպրոց կհաճախեն

PanARMENIAN.Net - Հայաստանում մնացած արցախցի երեխաները հունվարի 9-ից դպրոց կհաճախեն ՀՀ-ում։ Այդպիսի երեխաների թիվը 270 է։ Այդ մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, որը երեխաների հետ Գորիսում է։

Գորիսում մնացած երեխաները կհաճախեն Գորիսի թիվ 1 դպրոց, իսկ Երևանում մնացած 20 երեխան՝ քաղաքի մի քանի դպրոցներ, գրում է Gala.tv-ն։

«Կան երեխաներ, որոնք երաժշտական դպրոց են գնում, նրանք էլ Գորիսի երաժշտական դպրոց կհաճախեն, ունենք երեխա, որը բժշկական քոլեջում է սովորում, նա էլ տեղի քոլեջը կգնա»,–ասաց Գյանջումյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքներ են խախտվում։

«Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։

Սա անթույլատրելի է և տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում։

Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը՝ այս խախտումների մասին փաստերը համապատասխան միջազգային ատյաններին ներկայացնելու համար։

Միաժամանակ ձմեռային արձակուրդի ավարտից հետո՝ հունվարի 9-ից ապահովված կլինեն Հայաստանում գտնվող արցախցի երեխաների կրթության հնարավորությունները»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---