Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշումը կարող է հետաձգվել անորոշ ժամանակով, պնդում է Ալիեւը

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշման մեջ իր արտացոլումն է գտնում նաեւ այն մարդկանց անվտանգությունը, որոնք այժմ այնտեղ են բնակվում եւ բնակվելու են, արտացոլվում են նաեւ Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման հարցերը, նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցերը»,-Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշումը կարող է հետաձգվել անորոշ ժամանակով: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին միակողմանի որոշում լինել չի կարող: Ադրբեջանը չի տեսնում եւ երբեք չի մասնակցի այնպիսի գործընթացների, որոնք ենթադրում են Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի իրավական անջատման մեխանիզմ: Մեր այս դիրքորոշումը միանշանակ է: Հարկավոր է կարգավորել հակամարտությունը, սակայն փուլ առ փուլ: Բաքվում հուսով են, որ հայկական կողմը կառուցողական մոտեցում կցուցաբերի այս հարցերի հանդեպ, այդ թվում, կմոտենա միջազգային իրավունքի տեսակետից: Քանի որ միջազգային իրավունքի շրջանակներից դուրս այս հարցը հնարավոր չի լինի լուծել»,-ասել է Ադրբեջանի նախագահը:



Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Բաքուն հասկանում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի ողջ կարեւորությունը հայկական կողմի համար: «Այստեղ խնդիր չկա: Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը կարող են արդյունավետ լուծում ստանալ, այնպես, որ դա մտահոգություն չառաջացնի Լեռնային Ղարաբաղում այժմ բնակվողների եւ այն ադրբեջանցիների մոտ, որոնք այնտեղ կվերադառնան հակամարտության կարգավորումից հետո: Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ հակամարտությունը կարգավորելու համար, այնտեղ բնակվող մարդիկ պետք է անվտանգության մեջ զգան իրենց, պետք է ինքնակառավարման հնարավորություն ունենան, պետք է իրենց կյանքով ապրեն: Այս առումով մենք բռնանալու կամ նրանց կյանքին միջամտելու ոչ մի փորձ չենք անում: Այսինքն` ես կարծում եմ, որ այս գործոնների համադրումը կարող է բեկում առաջացնել կարգավորման մեջ»,-ասել է Ալիեւը, հաղորդում է «Վեստի» հեռուստաալիքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---