Աբրահամյան․ ՀՀ-ից Արցախ գնացող էլեկտրագիծը դեռ սեպտեմբերին պետք է տեղափոխված լիներ

Աբրահամյան․ ՀՀ-ից Արցախ գնացող էլեկտրագիծը դեռ սեպտեմբերին պետք է տեղափոխված լիներ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներին, նշել է, որ Հայաստանից Արցախ գնացող էլեկտրագիծը դեռ սեպտեմբերին պետք է տեղափոխված լիներ։

«Երբ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի իշխանությունը հանձնում էր Բերձոր քաղաքը, Սուս և Աղավնո գյուղերը, հավաստիացնում էին, որ այդտեղով անցնող կոմունիկացիաները տեղափոխելու են այդ բնակավայրերին զուգահեռ կառուցված նոր երթուղու հատված, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ առաքելության պահպանության գոտում։

Ավելի ուշ հայտարարվեց, որ Հայաստանից Արցախ գնացող գազատարի տեղափոխությունը բարդ է՝ մեծ ծախսերի հետ է կապված, իսկ ինտերնետի ու Հայաստանից Արցախ եկող էլեկտրական գծի տեղափոխման հարցում Ադրբեջանի հետ պայմանավորվածություն կա։

Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ-ից Արցախ եկող էլեկտրագիծն Ադրբեջանը շարքից հանել է Աղավնո-Բերձոր հատվածում, սա այն դեպքում, երբ կրկնում եմ՝ այդ գիծը դեռ սեպտեմբերին, Բերձորի, Աղավնոյի հանձնելուց հետո, պետք է տեղափոխված լիներ Հայաստանն Արցախին կապող նոր երթուղի»,-ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ Հայաստանի իշխանության անպատասխանատվության, ոչ հետևողական գործելաոճի պատճառով, փաստացի էլեկտրագծի տեղափոխություն տեղի չի ունեցել և նույնիսկ չի էլ պարզաբանվել, թե ինչու պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։

«Սրա հետևանքով Ադրբեջանն առանց խնդիրների ոչ միայն վերահսկում, այլ ցանկացած պահի Հայաստանից Արցախ մտնող էլեկտրագիծը շարքից հանելու հնարավորություն ունի»,-ասվում է գրառման մեջ։

2022-ի օգոստոսին Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին ժամանակ էին տվել, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Այդ օրը միջանցքը հանձնվել է Ադրբեջանի հսկողությանը, որը Լաչինը շրջանցող նոր ճանապարհ է կառուցել, սակայն հայկական կողմում շինաշխատանքները դեռ չեն սկսվել։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցնեն նոր երթուղին։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին ասել էր, թե օգոստոսի 25-ից հետո ռուսական զորք այդ տարածքում չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչև ամսվա վերջ լքել տները: Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ ճանապարհի իր հատվածը կավարտի հաջորդ տարվա մայիսին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---