Փաշինյան․ Ադրբեջանի հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն

Փաշինյան․ Ադրբեջանի հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին ելույթում հնչած տարածքային պահանջներին ՀՀ հանդեպ, ասել է, որ Իլհամ Ալիևի հայտարարությունները «որոշակի պրովոկացիոն բնույթ, էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն»։

Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումն ու Ադրբեջանից հնչող հայտարարությունները ուղիղ խախտում են Ադրբեջանի իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները։

«Մենք, ըստ էության, շատ հստակ ենք հայտարարել, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Եվ այդ հայտարարությունները հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանովորվածություններին»,- ասել է Փաշինյանը, գրում է Panorama.am-ը։

Փաշինյանի խոսքով, տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային և քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է։

«Ինչպես ստանձնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվությունը, նույնկերպ պատրաստ ենք շարունակել»,-ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ միջազգային հանրությունն էլ է արձանագրում, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար։

«Իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, հեռահար նպատակը, որ նաև այդ կարգի սադրիչ հայտարարություններով ընդհանրապես և մեր հնարավոր ռեակցիաներն էլ օգտագործելով ամբողջությամբ վիժեցնել խաղողության գործընթացը։

Դրա համար մենք մեր վերաբերմունքի բանաձևը մեթոդը չպետք է փոխենք։ Կարծում եմ՝ ավելի եմ համոզվում այդ մեթոդի ճշմարտության մեջ։ Մեր արձագանքն այդ ամեն ինչին պետք է լինի ասիմետրիկ։ Ո՞րն է ասիմետրիկ արձագանքը. ակտիվ միջազգային դիվանագիտությունը, երկրի ներսում ինստուտուցիոնալ կարողությունների, պետական ինստիտուտների ավելի հզորացումը, կայացումը, բարեփոխումների օրակարգից չշեղվելը, խաղաղության օրակարգից չշեղվելը։ Դա պետք է լինի մեր արձագանքը»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---