Արսենյան. Անընդհատ` ԼՂ 120,000 բնակիչ, ՀՀ էլ 3 մլն բնակիչ՝ առաջնահերթությունները ճիշտ դրեք

Արսենյան. Անընդհատ` ԼՂ 120,000 բնակիչ, ՀՀ էլ 3 մլն բնակիչ՝ առաջնահերթությունները ճիշտ դրեք

PanARMENIAN.Net - ԱԺ-ում Լաչինի միջանցքի փակ լինելու վերաբերյալ ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներում իշխանական պատգամավորների միակ ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանն իր ելույթում ասել է, թե ուզում էր լսել քաղաքական մտքի գնահատական, բայց հոխորտանքներ է լսում։

«Մոռացե՞լ եք, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց, ինչի առջև ենք հիմա կանգնած․․․Անընդհատ Ղարաբաղի 120,000 բնակիչ… ՀՀ 3 մլն բնակչի համար ենք պատասխանատու, պատասխանատու ենք մեր երկրի համար, առաջնահերթությունները ճիշտ դրեք»,- ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում գործում է պատասխանատու իշխանություն, որը հասկանում է իր գործողությունները և դրանց հետևանքները, իր ասածի ու արածի մուլտիպլիկացիան, թե դրանից ինչ կարող է լինել:

«Ինչի՞ մասին եք խոսում, էս ի՞նչ սպառնալիքներ եք հնչեցնում Հայաստանի գործող իշխանությունների հասցեին, տե՞ր եք ձեր սպառնալիքներին․․․ Եկել են՝ հաթաթա են տալիս, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ արտահայտում»,- ասել է նա։

Արսենյանը հունից դուրս է եկել, երբ դահլիճից ռեպլիկներ են հնչել Լաչինի միջանցքի բացման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

«Ձեզ թվում ա, թե դուք տրիբունալի մասնակից եք, ո՞վ եք դուք, արա, դատավարությո՞ւն եք անում, ձեր դատավարությունը տվել է ժողովուրդը, տվել է ընտրությունների ընթացքում, մենք քաղաքակիրթ իշխանություն ենք: Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն ձեզ չի տալու, մոռացեք դա»,- ասել է Արսենյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը բխում է ՀՀ պետշահերից, իսկ «այլատյացությունը, որի տարածմամբ զբաղվում են դահլիճում նստածները, վտանգավոր է երկրի համար»: Նրա խոսքով՝ այդկերպ շարունակելու դեպքում նրանք բերելու են նոր պատերազմի և դառնալու են պատերազմի նոր հրաձիգներ:

Ազգային ժողովում ընթանում են «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված հանրային լսումները, որտեղ քննարկվում է ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը:

 Ուշագրավ
---