Հայաստանի ազգային արխիվում Հայոց ցեղասպանության մասին պահված շատ փաստաթղթեր դեռեւս չեն ուսումնասիրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային արխիվում այսօր հաշվառված է ավելի քան 12 հազար միավոր փաստաթուղթ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանմասին: Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: «Մեր արխիվում դեռեւս հաշվառված չեն Բեռլինից, Սանկտ-Պետերբուրգից, Փարիզից եւ աշխարհի այլ տարբեր քաղաքաներից ստացված փաստաթղթերը: Հայող ցեղասպանության մասին փաստաթղթերի շուրջ 50 տոկոսն արդեն ուսումնասիրվել է, սակայն շատերը դեռ իրենց ժամին են սպասում», - հայտարարել է ՀՀ Ազգային արխիվի տնօրենը:



Վիրաբյանի խոսքերով, արխիվում այսօր պահվում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ վկայություններ` սկսած Օսմանյան Թուրքիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպանների զեկույցներից եւ վերջացրած կոտորածի վկաների անձնական արխիվներով: «Խորհրդային ժամանակշրջանում հայկական արխիվներում դժվար էր Ցեղասպանության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ գտնել: Դրանք պահվում էին հիմնականում ռուսական արխիվներում:1916 թվականին հայկական «Մշակ» թերթը հավաքել էր կոտորածից փրկված հայ փախստականների վկայություններն ու մանրամասն պատմությունները: Այդ տվյալներն այժմ նույնպես պահվում են մեր արխիվում», - նշել է Վիրաբյանը: Նրա խոսքերով, փաստաթղթերի երկրորդ խումբը` եկեղեցական փաստաթղթերն են, որոնք պահվել են Էջմիածնում:



«Այն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էին ուղղարկվում օտարերկրյա դիվանագետների հեռագրերն ու զեկույցներն այն մասին, որ Արեւմտյան Հայաստանի հայկական բնակչությունը ոչնչացման եզրին է: Կան նաեւ 1916 թ. Արեւմտյան Հայաստան մուտք գործած ռուսական բանակի վկայությունները: Այն ժամանակ ռուս զինվորները պատմում էին, որ Արեւմտյան Հայաստանի գյուղերում իրենք հայերի ընդհանուր գերեզմաններ էին գտնում», - հայտարարել է արխիվի տնօրենը: Նա նաեւ ավելացրել է, որ արխիվի տրամադրության տակ են նաեւ 1918 թ. Փարիզյան խաղաղ խորհրդաժողովին մասնակցած երկու հայկական պատվիրակության եւ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերին հասցված նյութական վնասը որոշող հանձնախմբին պատկանող փաստաթղթերը:



«Այդ հանձնախումբը ստեղծվել էր հայ գրող Հովհաննես Թումանյանի կողմից: Վերոհիշյալ փաստաթղթերի բնագրերն այժմ պահվում են Հայաստանի ազգային արխիվում: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի այդպիսի քանակության դեպքում ազգային արխիվը կարող է ցանկացած պահի ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր եւ մասնակցել միջազգային գիտաժողովներին», - ընդգծել է Ամատունի Վիրաբյանը: Նա նաեւ ավելացրել է, որ արխիվը մշտապես աշխատանք է տանում XX դարի առաջին Ցեղասպանության մասին վկայող նոր նյութեր ստանալու նպատակով», - նշել է Ազգային արխիվի տնօրենը: Նա հատկապես նշել է, որ Ազգային արխիվը միշտ բաց է հետազոտությունների համար եւ բազմիցս նյութեր է տրամադրել միջազգային ատյաններին: «Ներկայումս դատավարություն է ընթանում գերմանական բանկերի գործով, որտեղ պահվել են Արեւմտյան Հայաստանի հայերի խնայողությունները: Այժմ մենք նյութեր եւ փաստաթղթեր ենք հավաքում դատարանում ներկայացնելու եւ դատը շահելու համար», - հայտարարել է Ամատունի Վիրաբյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---