14 փետրվարի 2023 - 13:10 AMT
ՀՀ-ն մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակն է ուղարկել Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիա մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով:

Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն: ՀՀ-ն նաև Թուրքիային է մարդասիրական օգնություն ցուցաբերել՝ մոտ 100 տոննա։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։