Եվրախորհրդարանից փաստահավաք առաքելությամբ նոր պատվիրակություն կժամանի

Եվրախորհրդարանից փաստահավաք առաքելությամբ նոր պատվիրակություն կժամանի

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-24-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստան կայցելեն Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմը և Ֆրանսուա Ալֆոնսին, ինչպես նաև հունգարացի խորհրդարանական, Արցախի հետ բարեկամության խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչը, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը՝ նշելով, որ այցը կկայանա ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում։

Պատվիրակությանը Հայաստանում ուղեկցելու են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների առաջիկա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ի, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ։ Առանձին հանդիպում է նախատեսված նաև ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչների հետ։

Փետրվարի 22-ին նախատեսված է պատվիրակության այցը Սյունիք, հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելություն ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպում քաղաքացիական բնակչության հետ։

Նույնաբովանդակ այցելությամբ Եվրախորհրդարանի մեկ այլ պատվիրակություն Հայաստան էր այցելել 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը, որի անդամները կարևոր դերակատարում ունեցան անցած ամիսների ընթացքում Եվրոպական Խորհրդարանում՝ Հայաստանին վերաբերող քննարկումների և փաստաթղթերի ընդունման գործում։ Մասնավորապես՝ ընդունվել է Եվրոպական Միության ընդհանուր պաշտպանական և արտաքին քաղաքականության զեկույցը, «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ բանաձևը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների 2021-2022թթ․ զեկույցը, որոնցում Եվրոպական Խորհրդարանի՝ Հայաստանին ու Արցախին վերաբերող քաղաքական դիրքորոշումները գրեթե լիովին համահունչ են ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի պատկերացումներին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---