Օսկանյան․ Վարդանյանին ազատելով՝ ջրեցինք այն ձեռքբերումը, որ ունեցանք Հաագայի դատարանում

Օսկանյան․ Վարդանյանին ազատելով՝ ջրեցինք այն ձեռքբերումը, որ ունեցանք Հաագայի դատարանում

PanARMENIAN.Net - ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ կարծիք է հայտնել Ռուբեն Վարդանյանին ԱՀ պետնախարարի պաշտոնից ազատելով, «ջրեցինք այն ձեռքբերումը, որ ունեցանք Հաագայի միջազգային դատարանում»։

Օսկանյանը նշել է, որ Ադրբեջանը չի բանակցում խաղաղության համար, նա բանակցում է պատերազմում ձեռք բերած իր ավարն օրինականացնելու, ֆորմալիզացնելու և դրան միջազգային ճանաչում տալու համար, հայտնում է Aysor.am-ը։

«Պատերազմի վախը, որը մենք մեր մեջ սերմանել ենք, Ադրբեջանի ձեռքին դարձել է զենք, որով նա մեզ սպառնում և պարտադրում է իր կամքը։ Վերջին վկայությունը հենց Ռուբեն Վարդանյանի ազատումն է։ Դրանով մենք ջրեցինք այն հաջողությունը, որը վերջին օրերին ունեցանք։

Ռուբեն Վարդանյանի գնալու, ենթադրում եմ, պայմանն այն էր, որ Ադրբեջանը պետք է սահմանը բացի, բայց նույն Ռուբեն Վարդանյանին դուրս մղելու օրը եղավ Միջազգային դատարանի որոշումը, որը պարտադրում է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Հիմա, եթե Լաչինի միջանցքը բացվի, դա դատարանի որոշմամբ բացվե՞ց, թե՞ Ռուբեն Վարդանյանի գնալով: Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելով՝ ջրեցինք այդ ձեռքբերումը, որ ունեցանք միջազգային դատարանում»,-ընդգծել է Օսկանյանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ, որտեղ նա հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Հարությունյանը նշել է, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:

 Ուշագրավ
---