ՀՀ ներկայացուցիչ․ Էներգետիկ խարտիայի գծով անհիմն վարույթով` Բաքուն մտադիր է շեղել ուշադրությունը Հաագայի դատարանի որոշումից

ՀՀ ներկայացուցիչ․ Էներգետիկ խարտիայի գծով անհիմն վարույթով` Բաքուն մտադիր է շեղել ուշադրությունը Հաագայի դատարանի որոշումից

PanARMENIAN.Net - ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչությունը, անդրադառնալով ՀՀ դեմ վարույթ նախաձեռնելու Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, նշել է, որ Էներգետիկ խարտիայի շրջանակում անհիմն վարույթ հարուցելով, Ադրբեջանը մտադիր է ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջի մասին Հաագայի միջազգային դատարանի որոշումից։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում ընդդեմ Հայաստանի՝ «Երևանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին ապօրինաբար շահագործելու համար»։

ՀՀ ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը հայտնում է իր ափսոսանքը՝ Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր հանրային հաղորդակցության օրակարգն առաջ մղելու փորձերի համար։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։ Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի շրջանակն ու նպատակը խեղաթյուրելու փորձը հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Էներգետիկ խարտիայի կոնֆերանսն ավարտում է Էներգետիկ խարտիայի արդիականացման շուրջ բանակցությունները: Էներգետիկ խարտիայի նման չարաշահումը խաթարում է պայմանավորվող կողմերի բոլոր ջանքերը՝ ապահովելու, որ Էներգետիկ խարտիան շարունակի գործել իր նպատակին համապատասխան, այն է՝ որպես էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակ:

Արբիտրաժի մասին ծանուցումն Ադրբեջանը ներկայացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց, որով Դատարանը պարտադրեց Ադրբեջանին «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով։ Սակայն, Ադրբեջանը անտեսեց Դատարանի պարտավորեցնող որոշումը և այն կատարելու՝ միջազգային հանրության կոչերը՝ խորացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետը։ Ըստ երևույթին, Էներգետիկ խարտիայի շրջանակներում անհիմն վարույթ հարուցելով Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի գործողությունները չեն խաթարի Հայաստանի հավատարմությունն Էներգետիկ խարտիային, Էներգետիկ խարտիայի համաժողովի աշխատանքներին և էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի խթանմանը:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---