Մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում են

Մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում են

PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս են եկել եզրափակիչ:

Օղակների վարժության որակավորման փուլում Ավետիսյանը 14,766 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Դավթյանը վաստակել է 14,600 միավոր և 6-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգթափեր վարժության որակավորման փուլում 14,133 միավոր է վաստակել և զբաղեցրել 10-րդ տեղը: Նույն վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը 13,500 միավորով գրավել է 21-րդ տեղը: Երկու մարմնամարզիկներն էլ դուրս չեն եկել եզրափակիչ:

Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, Վահագն Դավթյանը նույն մրցմանը զբաղեցրել էր չորրորդ տեղը, իսկ Գագիկ Խաչիկյանը օղակների վարժությունում դարձել էր արծաթե մեդալակիր:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որն առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հաղթող էր ճանաչվել հենացատկում, Կատարում պայքարի դուրս կգա այսօր՝ մարտի 2-ին:

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը կավարտվի մարտի 5-ին:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---