ՀՀ-ն սատարում է Հնդկաստանին ՄԱԿ ԱԽ մշտական անդամություն ստանալու հարցում

ՀՀ-ն սատարում է Հնդկաստանին ՄԱԿ ԱԽ մշտական անդամություն ստանալու հարցում

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում Հնդկաստան-Հայաստան երկխոսություն համաժողովում հայտարարել է, որ ՀՀ-ն սատարում է Հնդկաստանին ՄԱԿ ԱԽ մշտական անդամություն ստանալու հարցում։

Արշակյանը նշել է, որ Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային կայունության կարևոր հենարան է, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզներում:

«Հայաստանը գնահատում է Հնդկաստանի հավասարակշռված և կայունացնող դիրքորոշումը գլոբալ ցնցումների այս ժամանակներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունն այս ուղղությամբ վառ օրինակ է, և մենք հուսով ենք, որ G-20-ում և Շանհայի համագործակցության կազմակերպությունում Հնդկաստանի շարունակական նախագահությունը նույնքան ներդրում կունենա տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության և կայունության մեջ»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Նա նաև ասել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Բարձր ենք գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, և հնդկական կողմի հնչեցրած դատապարտումը՝ կապված անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի և դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման հետ:

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, և, ի լրումն արդեն իսկ առկա դժվարությունների, ներկայումս մենք բախվում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված Ադրբեջանի քաղաքականության, շարունակական սադրանքների, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի ձգտումների: Պատերազմ հրահրող հռետորաբանությունը, Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները և ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը նոր լիցք է հաղորդել արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմին, և հաջողվել է կազմակերպել առևտրի, տնտեսության, տեխնոլոգիայի, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցություն:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն արձանագրել է տնտեսական ոլորտում դրական դինամիկան. «Պետք է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն էապես աճել են: 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 128,5 մլն ԱՄՆ դոլար, մինչդեռ 2021 թվականին այն արդեն 216,1 մակարդակի վրա էր, իսկ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին այդ ցուցանիշը հասել է 315,4 մլն ԱՄՆ դոլարի: Սակայն այս թվերը չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ամբողջ ներուժը, և մենք, այնուամենայնիվ, ակնկալում ենք ապրանքաշրջանառության ծավալների մեծացում»,- նշել է Հակոբ Արշակյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---