Արշակյանն ու Հնդկաստանի խորհրդարանի խոսնակը կարևորել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը

Արշակյանն ու Հնդկաստանի խորհրդարանի խոսնակը կարևորել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը Նյու Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանի և Հնդկաստանի միջև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում իր գլխավորությամբ գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը և շեշտել, որ հիանալի կլիներ նաև Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը Հնդկաստանի խորհրդարանում, ինչը մեծ հնարավորություն կստեղծի ակտիվ և սերտ համագործակցության համար:

Արշակյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային, առ այն, որ այդ երկիրը կոպտորեն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և փակել Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: 120.000 հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո, խաթարվել է պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, էներգակիրների մատակարարումն Արցախ:

Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից և կարևորում է հնդկական կողմի հնչեցրած դատապարտումն անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և 2022 թվականի դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք:

Օմ Բիրլան, ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը, նշել է, որ կարևորում է երկու խորհրդարանների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացումը և ընդգծել, որ նման այցերն ու երկկողմ շփումները խթանում են համագործակցությունն ու նպաստում տարբեր ձևաչափերով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Հնդկաստանի խորհրդարանի խոսնակն առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:

Նշվել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտուր, տրանսպորտ և կապ, պաշտպանություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն և կրթություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն:

Հանդիպման ավարտին Հնդկաստանի խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ կհյուրընկալի Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Նյու Դելիում: Հակոբ Արշակյանը Հնդկաստանի օրենսդիր մարմնի խոսնակին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի հրավերը` այցելելու Հայաստան:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամներ Արեն Մկրտչյանը և Ծովինար Վարդանյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---