Վարչապետ․ Լիահույս եմ, որ առաջիկայում ականատես կլինենք Իրանի հետ երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը

Վարչապետ․ Լիահույս եմ, որ առաջիկայում ականատես կլինենք Իրանի հետ երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նովրուզի կապակցությամբ:

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում ականատես կլինենք Իրանի հետ երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում ասվում է.

«Ձերդ վսեմություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի համար նշանավորվի յուրատիպ հաջողություններով և խաղաղությամբ։

Դարերի հազարամյա խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները՝ թրծված փոխվստահության ու հարգանքի ջերմ մթնոլորտում, առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար:

Լիահույս եմ, որ առաջիկայում ականատես կլինենք երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը, որը խթան կդառնա մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու աճին՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ արևշատություն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն»։

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն, իմ ջերմագին և անկեղծ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Նովրուզի՝ բնության զարթոնքի գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ Արեգակնային տոմարով նոր տարին հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար անսասան խաղաղության և հարաճուն ձեռքբերումների տարի լինի։

Հայ-իրանական հարաբերությունների պատմամշակութային բազմադարյա հարուստ փորձը յուրատիպ հիմք է ներկայիս բարեկամական մթնոլորտի, բազմատարր փոխգործակցության և հայ ու իրանցի բարեկամ ժողովուրդների միջև ջերմ շփումների համար:

Աներկբայորեն կարող եմ նշել, որ շարունակելով համագործակցության անշեղ ուղին՝ ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների բարեկեցության:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և քաջառողջություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---