«Ժառանգությունը» գտնում է, որ հայկական կողմը մտահոգվելու հիմքեր ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրությունը Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մասին օրինաչափ մտավախություններ է առաջացրել Հայաստանում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խորհրդարանի պատգամավոր, «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանակցական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը հայտարարել է.«Բանակցությունների հիմքում ընկած սկզբունքները կարող են սպառնալիք պարունակել, որը հետագայում կորոշի երկրի զարգացման հետագա ուղիները: Սակայն կրկին, ինչպես եւ ղարաբաղյան հակամարտության դեպքում, հայ հանրությունը շարունակում է անիրազեկ մնալ: Արդեն շուրջ երկու տարի է բանակցություններ են ընթանում թուրքական կողմի հետ, սակայն իշխանությունների ցուցաբերած հույժ գաղտնիության պայմաններում, տեղեկատվությունից զրկված է մնում նաեւ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը`Ազգային ժողովը»,-հայտարարել է Լարիսա Ալավերդյանը:



Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք «ճանապարհային քարտեզի» համաձայնեցումը ենթադրում է պարզություն եւ փոխադարձաբար ճանաչված հարաբերություններ` Լ.Ալավերդյանն ասել է. «Երբ մենք խոսում ենք սահմանը բացելու կամ պաշտոնական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու մասին, ինչպե՞ս ենք մենք հարցը դնում` Թուրքիայի հետ ո՞ր սահմանի մասին է խոսքը: Մինչ այժմ ոչ մի կառավարություն ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, որի համաձայն այժմյան կամ ԽՍՀՄ-ից մնացած սահմանները, կհամարվեին կոռեկտ միջազգային իրավական տեսակետից: Դեռեւս գործում է ուժը չկորցրած Սեւրի պայմանագիրը, Մոսկվայի պայմանագիրը` «լրացված» Կարսի պայմանագրով: Եվ եթե նույնիսկ վերջին երկուսը կասկածելի են օրինականության առումով, այնուամենայնիվ, հայկական կողմը դեռեւս ոչ մի անգամ չի վիճարկել դրանք»:



Լ.Ալավերդյանը գտնում է, որ հայկական կողմը մտահոգության համար բոլոր հիմքերն ունի, քանի որ այսօր կա Ադրբեջանի կողմից զավթված Նախիջեւանը, թեեւ ըստ Մոսկվայի պայմանագրի, այն չէր կարող փոխանցվել երրորդ կողմի առանց Թուրքիայի եւ Ռուսաստանի համաձայնության: Ավելին, ժամանակին չեն կատարվել Նախիջեւանի ինքնավարություն հայ բնակչության վերադառնալու պարտավորությունները: «Այնպես որ, խնդիրը բուն ճանապարհային քարտեզը չէ, որի շուրջ կողմերը համաձայնության են եկել Ժնեւում, այլ այն սկզբունքներն, որ ընկած են բանակցությունների հիմքում, որոնց մասին մենք ոչ մի բան չգիտենք: Բացասական բաները միշտ գաղտնի են կատարվում լուռ համաձայնությամբ»,-ամփոփել է Լ.Ալավերդյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---