ԱԱԾ. Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանցիների հետ հանդիպման արդյունքում իրավիճակն էականորեն բարելավվել է

ԱԱԾ. Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանցիների հետ հանդիպման արդյունքում իրավիճակն էականորեն բարելավվել է

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է եղել ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է։

Նշվում է, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։

ՀՀ ԱԱԾ-ն մարտի 30-ին հայտարարություն էր տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 30-ի նիստում, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին բարձունքներ գրավելու մասին, հայտարարել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա նշել էր, որ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։

 Ուշագրավ
---