ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի 3 քարտեզ

ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի 3 քարտեզ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով տարվող բանակցությունների վերաբերյալ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, ասվում է, որ չհասցեագրված են մնում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մի շարք հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվածություններ:

ՀՀ կառավարության ծրագրի 2022-ի կատարման վերաբերյալ զեկույցում ասվում է, որ 2022-ին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ:

«Ի հեճուկս 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ: ՀՀ-ն բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում, հետապնդում է գերեվարված քաղաքացիների և նրանց վերադարձի խնդիրը: 2022-ի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով: ՀՀ-ն միջազգային դատական և դիվանագիտական ատյաններում հետևողականորեն բարձրացնում է բռնի անհետացումների, ինչպես նաև գերիների խոշտանգման և զոհված զինծառայողների դիակների խոշտանգման և անարգման հարցերը:

2022-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում կատարված մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ներառյալ կյանքի իրավունքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի և մի շարք այլ իրավունքների խախտումների վերաբերյալ, գերեվարված անձանց նկատմամբ տեղի ունեցած ապօրինի դատավարությունների հետևանքով իրավունքների խախտումների, ներառյալ ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ, Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղում՝ Փարուխի և Քարագլխի դեպքերի և Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։

2022-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել գանգատ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ: Գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր դրսևորումներին՝ ատելության և հակահայկականության քարոզ, ներառյալ պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հարց, պատմության կեղծում, կրթական հաստատություններում հակահայկականության հետևողական քարոզ, էթնիկ զտում, էթնիկ ատելության հիմքով խոշտանգումներ և վատ վերաբերմունքի դեպքեր, էթնիկ ատելության հիմքով սպանություններ, գլխատումներ և շատ այլ խախտումներ, որոնց կատարման մոտիվն էթնիկ հայերի նկատմամբ ատելությունն է։ Սկզբնական հայցը ներկայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, ամբողջական հայցը ներկայացվել է 2023 թվականի հունվարի 23-ին: Դատական ատյաններում բոլոր միջպետական գանգատներով Հայաստանի կողմից բարձրացվել են և բարձրացվելու են գույքային և ոչ գույքային վնասների հատուցման պահանջներ»,-ասվում է զեկույցում։

Հայաստանի կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով տարվող բանակցությունների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պայմանագրի համատեքստում կառավարության համար առանցքային է ՀՀ-ի 29,800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---