Գրիգորյանը՝ Փաշինյանին. Ձեր կարմիր գիծը ՀՀ տարածքը չէ` Տեղ գյուղում ի՞նչ արեցիք

Գրիգորյանը՝ Փաշինյանին. Ձեր կարմիր գիծը ՀՀ տարածքը չէ` Տեղ գյուղում ի՞նչ արեցիք

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ԱԺ-ում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ձախողել է, չի ապահովել երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը»։

Պատգամավորը, դիմելով վարչապետ Փաշինյանին՝ նշել է, որ սա միայն իր տեսակետը չէ՝ վարչապետն է իր ասուլիսում ասել, որ անվտանգության մեջ ձախողել է, գրում է Factor.am-ը։

Պատգամավորը հարց է ուղղել վարչապետին՝ խաղաղությունը հասե՞լ է Սյունիքի մարզի Տեղ գյուղ, հասե՞լ է այն ընտանիք, որի անդամներից մեկն օրերս, ըստ պնդումների, սպանվել է արբեջանցու կողմից: Նա հետաքրքրվեց նաև, թե Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային ի՞նչ մեխանիզմ պետք է լինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ նշելով, որ եկել է խորհրդարան ոչ թե կրկնելու ակնհայտը, այլ որ միասին պրոբլեմների ևս մեկ շերտ բացեն ու ավելի խորությամբ հասկանան դրանք:

«Երբ ես ասում եմ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի մասին, այդտեղ շատ լուրջ պրոբլեմներ կան, որովհետև մենք, ի վերջո, պետք է կողմնորոշվենք՝ Հայաստանի Հանրապետություն ասելով ի՞նչ նկատի ունենք ու ի՞նչ ենք նկատի ունեցել: Մենք պետք է հստակ արձանագրենք, թե որն է մեր սահմանը, որպեսզի ճիշտ գնահատենք, որովհետև հողեր կան, որ տարիներով եղել են ինչ-որ մեկի տիրապետության ներքո, հիմա մենք դա Հայաստան համարո՞ւմ ենք, թե՞ չենք համարում, իրավական բազաները կոնկրետացնելը շատ կարևոր է», – ասել է նա:

Վարչապետն ընդգծել է՝ այո՛, Տեղ գյուղի պրոբլեմը պրոբլեմ է, դեռ նախորդ անգամ է ԱԺ-ում խոսել այդ մասին, երբ ընդդիմությունը ներկա չի եղել:

Գրիգորյանն արձագանքել է՝ ընդգծելով․ «Ձեր կարմիր գիծը ՀՀ տարածքը չէ, այլապես Տեղ գյուղում տեղի ունեցածը անթույլատրելի կհամարեիք և կկրեիք քաղաքական պատասխանատվություն։ Լավ, ձեր կարմիր գիծը ո՞րն է․․․»։

«Այնտեղ կան պրոբլեմներ ու այդ պրոբլեմները կապված են և՛ որոշակի գործունեության, և՛ որոշակի անգործության հետ: Այդ երևույթները շատ անհանգստացնող են ու պրոբլեմատիկ», – նշել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմների առկայությանը՝ վարչապետն ասել է՝ դրա համար կան ամենատարբեր տարբերակները:

«Ադրբեջանն ասում է՝ «չէ միջազգային մեխանիզմ չպետք է լինի, որովհետև դա իմ ներքին գործն է»: 2017 թվականին էլ Հայաստանը ներկայացնող գլխավոր բանակցողն ասել է՝ պրոբլեմն այն է, որ Ադրբեջանն ասում է՝ «իմ ներքին գործն է»», – նշել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ այս իրավիճակում ոչ մեկ իրավունք չունի կորցնելու ինքնատիրապետումը, սառնությունը:

«Հրապարակեք հայկական կողմի վերապահումը, որ մարդիկ տեսնեն՝ այդ ինչ ահասարսուռ վերապահում է, որ դավադիր իշխանությունը այդ վերապահումը չի առել ու թուր-կեծակիի նման աջ ու թարս չի փրթում: Հրապարակեք», – դիմելով ընդդիմությանը՝ հորդորեց վարչապետը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 18-ի իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը պետք է հաստատի, որ տարածքային պահանջներ չունի Բաքվից՝ պաշտոնապես հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղի հայերը պետք է ընտրեն՝ «կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ բնակության այլ վայր փնտրեն»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---