Զուրաբյան․ Փաշինյանը սարսափում է այն արձագանքից, որին կարժանանա իր խայտառակ որոշումը, երբ մանրամասները բացահայտվեն

Զուրաբյան․ Փաշինյանը սարսափում է այն արձագանքից, որին կարժանանա իր խայտառակ որոշումը, երբ մանրամասները բացահայտվեն

PanARMENIAN.Net - ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, «Փաշինյանական սուտ համար 1» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ վարչապետը փորձում է հերթական «Նիկոլական «կռուտիտով» իր որոշման պատասխանատվությունը դնել Հայաստանի նախկին ղեկավարների վրա, փորձելով համոզել մեր հասարակությանը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են իրենից առաջ եղած ղեկավարները»։

Նա հիշեցրել, է, որ Ալմաթիի հռչակագիրը Հայաստանն ընդունել է 10 վերապահումով:

«Մայիսի 22-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե «եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, դա ներառո՞ւմ է Արցախը, թե ոչ, դուք դրանով Արցախը ճանաչե՞լ եք Ադրբեջանի մաս, թե ոչ», պատասխանել է. «Հայաստանի այսօրվա կառավարությունը ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Փաշինյանը սուտ է ասում։ Հայաստանի միակ ղեկավարը, որը պաշտոնապես համաձայնել է հակամարտության այնպիսի լուծման, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը առանց վերապահումների ընդունել է 1998 թվականի «Ընդհանուր պետություն» ծրագիրը։

Հանուն ճշմարտության, սակայն, պետք է արձանագրել, որ այն ծրագիրը, որին համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանը, համեմատել անգամ հնարավոր չի Արցախի համար այն կործանարար պլանի հետ, որին համաձայնել է Նիկոլ Փաշինյանը։

Բանն այն է, որ «Ընդհանուր պետություն» ծարգրի հիմքում ընկած էր Արցախի՝ «դե յուրե Ադրբեջանի կազմում, դե ֆակտո անկախ» կարգավիճակի սահմանումը։ Այդ ծրագրով Արցախը ունենալու էր սեփական խորհրդարան, որը իրավասու էր լինելու արգելել Ադրբեջանի օրենքների գործածությունը Արցախի տարածքում, Ադրբեջանի ուժային կառույցները իրավունք չէին ունենա մտնել Արցախի տարածք առանց Արցախի համաձայնության, Արցախը կունենար սեփական բանակ, և այլն։

Իսկ Փաշինյանը համաձայնել է, որ Արցախի ինտեգրվի Ադրբեջանի ունիտար պետության մեջ, որպես Խանքենդիի և Ագդերեի ադրբեջանական շրջաններ, որոնց ամբողջ ղեկավարությանը, ներառյալ դատախազությունը և ոստիկանությունը նշանակվելու են Բաքվից։ Նման ընթացքի արդյունքը հայտնի է նախօրոք՝ Արցախի հայ բնակչության էթնիկ զտումը, եթե ոչ ջարդերով արտաքսումը։

Փաշինյանը սարսափում է այն արձագանքից, որին կարժանանա իր խայտառակ որոշումը, երբ բացահայտվեն այս բոլոր մանրամասները։ Հետևաբար, նա փորձում է հերթական Նիկոլական «կռուտիտով» իր որոշման պատասխանատվությունը դնել Հայաստանի նախկին ղեկավարների վրա, փորձելով համոզել մեր հասարակությանը, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են իրենից առաջ եղած ղեկավարները։ Սուտասանը «մոռանում» է մեր հասարակությանը հայտնել մի «փոքր մանրուք»։ Բան այն, որ Ալմաաթյան հռչակագիրը Հայաստանը ստորագրել է և վավերացրել է 10 վերապահումներով, որոնցից հստակորեն հետևում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի կողմից չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա՝ խորհրդային Ինքնավար մարզի սահմաններում։

Դե գնահատեք ստախոսին»,-ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---