«Ապրելու երկիր»․ Փաշինյանը փաստացի արդարացնում է ագրեսիայի միջոցով հարցեր լուծելու Ադրբեջանի գործելաոճը

«Ապրելու երկիր»․  Փաշինյանը փաստացի արդարացնում է ագրեսիայի միջոցով հարցեր լուծելու Ադրբեջանի գործելաոճը

PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունների վերաբերյալ, որոնք, ինչպես նշվում է, «ամբողջությամբ հակասում են Արցախի հիմնահարցի խաղաղ ու արդարացի լուծման վերաբերյալ նույն Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի ստանձնած պարտավորություններին»:

Նշվում է, որ իր հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը փաստացի արդարացնում է ագրեսիայի և պատերազմի միջոցով հարցեր լուծելու Ադրբեջանի գործելաոճը։

Նշվում է նաև, որ Փաշինյանը որևէ իրավասություն չունի միանձնյա որոշումներ կայացնելու Արցախի ու Հայաստանի համար անվտանգային կարևորություն ներկայացնող հարցերում:

«Փաշինյանը խոսել է նաև ՀՀ տարածքների հարցում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին: Նրա նշած գյուղերն Ադրբեջանին զիջելու դեպքում Հայաստանի կապուղիները Վրաստանի ու Իրանի հետ հայտնվում են հակառակորդի վերահսկողության տակ:

Նիկոլ Փաշինյանն իր որդեգրած քաղաքականությամբ փաստացի արդարացնում է ագրեսիայի և պատերազմի միջոցով հարցեր լուծելու Ադրբեջանի գործելաոճը:

Եթե ՀՀ ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, փոխել հակամարտության էությունն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, ուրեմն դրանով իսկ նա ընդունում է պատերազմի միջոցով խնդիրներ լուծելու գործելաոճը։

Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ և ծավալապաշտական նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ` և այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարն այսօր «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության տարածքը, Փաշինյանի գործելաոճն ընկալվելու է որպես Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի գնալու թույլտվություն։ Ուստի չհիմնավորված ու միակողմանի զիջումներով «խաղաղություն» հաստատելու այս քաղաքականությունը միմիայն մեծացնում է էսկալացիաների ու մեր պետության դեմ ագրեսիվ քայլերի հավանականությունը՝ բացառելով իրական ու արդարացի խաղաղության հաստատման հնարավորությունը:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը չեն ստացել մանդատ նման վտանգավոր և պետական շահերին հակասող գործողությունների գնալու համար: Նրանք իշխանության են եկել Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարելու խոստումով: Նիկոլ Փաշինյանը որևէ իրավասություն չունի միանձնա որոշումներ կայացնելու Արցախի ու Հայաստանի համար անվտանգային կարևորություն ներկայացնող հարցերում:

Այն պարագայում, երբ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով ամենօրյա ռեժիմով ի ցույց է դնում իր ագրեսիվ ու ծավալապաշտապան ծրագրերը Հայաստանի ու Արցախի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները փաստում են, որ գործող ուժը չունի ունակություն և ցանկություն առերեսվել իրական սպառնալիքների հետ, առավել ևս՝ քայլեր ձեռնարկել դրանց դիմակայելու ուղղությամբ:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում իշխանություններին չանել հայտարարություններ, որոնք հարցականի տակ են դնում Արցախում ապրող 120 հազար հայերի, այդ թվում, 30 հազար երեխաների ֆիզիկական գոյությունը և արժեզրկում են մեր ժողովրդի երեսունամյա պայքարը, որի գլխավոր նպատակն է եղել Արցախում մեր հայրենակիցների դեմ ցեղասպան գործողությունների կանխումը:

Միաժամանակ, հարկ ենք համարում շեշտել, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է համաժողովրդական հանրաքվեի դնել Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին առնչվող և ճակատագրական նշանակություն ունեցող յուրաքանչյուր հարց, քանի որ նա չունի մանդատ ու լեգիտիմության անելու գործողություններ, որոնք կսպառնան Արցախի հետագա գոյությանը, Հայաստանի պետականությանը և ազգային անվտանգությանը»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---