Փաշինյանը Հունգարիայի փոխվարչապետի հետ հանդիպմանը հույս է հայտնել՝ հնարավորինս շուտ կկարողանան բաց թողնվածը լրացնել

Փաշինյանը Հունգարիայի փոխվարչապետի հետ հանդիպմանը հույս է հայտնել՝ հնարավորինս շուտ կկարողանան բաց թողնվածը լրացնել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի հետ Երևանում կայացած հանդիպմանը ողջունել է նրա այցը և գոհունակություն հայտնել երկար դադարից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել: Վարչապետը նկատել է, որ ՀՀ-ում Հունգարիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին, այժմ տեղի է ունենում պարոն Շեյմենի այցը, իսկ առաջիկայում սպասվում է Հունգարիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս ամենը վկայում է երկկողմ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու փոխադարձ ցանկության մասին: Հայ-հունգարական կապերի ամրապնդումը վարչապետը կարևորել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության համատեքստում:

Շեյմենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ողջույնները: Շեյմենը ևս կարևորել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումն ու ընդգծել Հունգարիայի կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու գործակցությունը Հայաստանի հետ: Այդ առումով, նա շեշտել է Հունգարիայի համայնքի կարևոր դերը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հունգարական կառավարությանը՝ այդ երկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման և հոգատար վերաբերմունքի համար:

Կողմերն ընդգծել են տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով, կարևորվել են Երևանի և Բուդապեշտի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնմանն ուղղված քայլերը: Ժոլտ Շեյմենն իր հերթին տեղեկացրել է, որ Հունգարիայի կառավարությունը հայ ուսանողների համար նախաձեռնել է կրթաթոշակի ծրագիր:

Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային նշանակության տարբեր հարցերի:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ դրա հետևանքով տեղի հայությունն ապրում է հումանիտար ճգնաժամ: Վարչապետն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով: Վարչապետը կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը:

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին ։ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, բայց Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց և կոչումը բարձրացրեց։ 2021–ի դեկտեմբերին Հունգարիայի աջակցությամբ 5 հայ ռազմագերի վերադարձավ Հայաստան։

Հարաբերությունները 11 տարվա սառեցումից հետո վերականգնելու մասին հայտարարվել էր 2022-ի դեկտեմբերին։ 2023-ի մայիսին Հունգարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ փոխնախարարին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---