«Գալաքսի Չեմպիոնների լիգա 2023» մրցաշարում հաղթել է «Մեգաֆուդի» թիմը

«Գալաքսի Չեմպիոնների լիգա 2023» մրցաշարում հաղթել է «Մեգաֆուդի» թիմը

PanARMENIAN.Net - «Գալաքսի Չեմպիոնների լիգա» ֆուտզալի մրցաշարի լարված վերջնախաղից հետո կրկնակի հաղթող է դարձել «Մեգաֆուդի» թիմը՝ եզրափակչում մրցելով «Գալաքսի» թիմի հետ։ Երկրորդ տեղը զբաղեցրած «Գալաքսին» չէր զիջում մրցակցին իր վարպետությամբ, սակայն բեկումնային են եղել խաղի վերջին րոպեները:

«Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից արդեն երրորդ անգամ կազմակերպվող մրցաշարն ավարտվել է՝ ակտիվ, թեժ ու գոլառատ պահեր պարգևելով երկրպագուներին:

«Գալաքսի Չեմպիոնների լիգա 2023» մրցաշարին այս տարի մասնակցում էին Խմբի կազմում հանդես եկող ընկերությունները ներկայացնող՝ «Գալաքսի», «Մեգաֆուդ», «Փոլ», «Սանտաֆե», «Թայմ», «Յուքոմ», «Յուքոմ Գլորի», «Երևանմոլ» թիմերը։ Նրանցից յուրաքանչյուրը ցուցադրել է հիշարժան խաղ՝ հնարավոր ջանքերը ներդնելով գավաթակիր դառնալու համար։

Այս տարի հետաքրքիր փաստ է արձանագրվել. անկախ խաղի արդյունքից երրորդ տեղի գավաթը «գնալու» էր «Յուքոմ», քանի որ դրա համար պայքարում էին ընկերության երկու թիմերը։

Մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել Արտյոմ Խլղաթյանը («Յուքոմ»), դարպասապահ` Սարգիս Կադրջյանը («Մեգաֆուդ»)։ Ավանդույթի համաձայն ընտրվել են նաև լավագույն երկրպագուները. այս տարի առանձնապես ջերմ ու եռանդով էին իրենց թիմերին աջակցում «Յուքոմ» ընկերության աշխատակիցները:

«Դիտարժան խաղերով, էմոցիաներով լեցուն մրցաշարը ևս մեկ անգամ ցույց տվեց մեր նվիրվածությունը, միասնականությունը՝ թե գործում, թե գործից դուրս, չեմպիոններին բնորոշ կամային ու թիմային հատկանիշներ ունենալը, գալաքսիական լինելը՝ անկախ նրանից, թե որ ընկերությունում ենք աշխատում»,-փակման արարողության ժամանակ ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Հիմնադիրների անունից Արամ Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել բոլոր թիմերին, մարզիչներին, երկրպագուներին, մրցավարներին, կազմակերպիչներին, ովքեր իրենց ներդրումն ունեցան մրցաշարի հաջողության գործում:

«Անսահման հպարտ և հուզված եմ հաղթանակի համար, որի շնորհիվ, ինչպես 2022-ին, «Մեգաֆուդի» թիմի անունը գրվեց մրցաշարի տարեգրության մեջ: Արդար ու առողջ մրցակցությունն ավելի մոտեցրեց «Գալաքսի» խմբում հանդես եկող ընկերությունների աշխատակիցներին: Շնորհակալություն եմ հայտնում հիմնադիրներին, կազմակերպիչներին ու արդեն սպասում հաջորդ տարվա մրցաշարին, որն, ակնհայտ է, ավելի հիշարժան է լինելու»,- ասել է «Մեգաֆուդ» ընկերության գլխավոր տնօրեն Արմինե Ենգիբարյանը:

«Գալաքսի Չեմպիոնների լիգա 2023» մրցաշարը տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» մարզադահլիճում։ Մրցաշարի բրենդավորման և կազմակերպչական աշխատանքներն իրականացրել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հաղորդակցական ընկերությունը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ Ընկերությունն ընդգծված ուշադրություն է դարձնում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---