26 հուլիսի 2023 - 12:56 AMT
400 տ հումանիտար օգնություն կհասցվի Կոռնիձոր՝ արցախցիներին փոխանցելու համար

Մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն կհասցնեն մինչև Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղին, սնունդ կյանքի համար»՝ գրված է մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատարների վրա։

Հուլիսի 25-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը, որտեղ որոշվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցություն ցույց տալ:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, թե իբր հայկական կողմը Լաչինի միջանցքում «տարբեր տրանսպորտային միջոցների կուտակմամբ սադրանք է նախապատրաստում»։ Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում եռակողմ հանդիպումից հետո հայտարարել էր, որ պետք է սնունդ և դեղորայք հասցնել ԼՂ հայերին և ՌԴ խաղաղապահները բոլոր հնարավարություններն ունեն դրան աջակցելու։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։