«Էլեկտրական հովիվները» արդարացրել են ֆերմերների հույսերը

«Էլեկտրական հովիվները» արդարացրել են ֆերմերների հույսերը

PanARMENIAN.Net - «Էլեկտրական հովիվները» արդարացրել են ֆերմերների հույսերը՝ մեղրաքամն իրականացվել է առանց կորստի։

Մեղրասեր բրդոտներն այնքան հաճախ են հայտնվում Վայոց ձորում, որ բջջային հեռախոսներով նրանց ֆիքսելը սովորական է դարձել: Շատին գյուղում արջերը հայտնվում են օրվա ցանկացած ժամի: Իսկ թե ինչ վարքագիծ կդրսևորեն՝ կախված է սնունդ հայթայթելու ցանկությունից: Վերջին անգամ, կենդանուն իր մեղվանոցի տարածքում՝ Եղեգիս գետի ակունքի մոտ, մոտ 2300 մետր բարձրության վրա, դեմ առ դեմ հանդիպել է ֆերմեր Նորայր Մարտիրոսյանը: Միայն թե դա եղել է ոչ թե քոթոթ, այլ հսկայական արջ: Մեղվափեթակներն անվնաս են մնացել արևային էներգիայով սնուցվող «էլեկտրական հովվի»՝ նոր տեխնոլոգիայի շնորհիվ:

«Առաջին անգամ էլեկտրական հովիվի ուժը զգացի այդ օրը՝ կեսգիշերն անց: Շունն անհանգիստ էր, դուրս եկանք վրանից ու տեսանք, որ արջը մոտեցել է, ուզում է մեղվափեթակը տանի: Դիպել էր «էլեկտրական հովիվին» ու մոլորված կանգնել. ելք էր փնտրում՝ ոնց անի, որ հասնի մեղվափեթակին: Փորձեցինք արջին քշել, պտտվեց, փորձեց մեկ այլ դիրքից մոտենալ ամենամոտ մեղվափեթակին: Ու էդպես շուրջ կես ժամ փորձերից հետո զայրացած գետն անցավ, մտավ դիմացի ծառերի մեջ ու գնաց: Երբեք չէի պատկերացնի, որ արջը կարող է մեկ-երկու քայլի վրա լինել մեղվափեթակից: Անակնկալի գալով՝ անգամ չհասցրեցի հեռախոսով ֆիքսել: Արջն այնքան մեծ էր, որ մի փեթակով դժվար բավարարվեր»,-ասել է ֆերմեր Նորայր Մարտիրոսյանը:

Ֆերմերներն արդյունավետ են համարում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագիրը: Դրա իրական արդյունքն առանց բերքի կորստի իրականացվող մեղրաքամն է: Թեև եղանակային պայմանների առումով տարին բարենպաստներից չէր մեղվաբուծության համար, սակայն լավ բերք ստանալ հաջողվել է՝ մեղվափեթակները երկու, երեք դաշտ տեղափոխելու շնորհիվ: Շարժական «էլեկտրական հովիվներն» ապահովել են դրանք տեղից տեղ տանելու և շատ արագ նոր տարածքում նորից ցանկապատելու ճկունությունը: Մեղուներն աշխատել են ժրաջան, չեն խառնվել այլ փեթակների, ավելի շատ շրջանակ են գործել ու անարատ բերք ապահովել:

Ավելացել է փեթակների թիվը. հիսուն փեթակով սար են բարձրացել, ութսունով՝ վերադարձել: Գործած շրջանակների թիվը հասել է երեք հարյուրի, ավելացել է արտադրված մեղրի քանակը: Արդեն ութ տարի մեղվաբուծությամբ զբաղվող Նորայրը վստահ է, որ առանց «էլեկտրական հովվի» օգնության արջի հարձակման հետևանքներից խուսափել չէր լինի: Այժմ մեղուներին նախապատրաստում են տարբեր հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների՝ հաջորդ տարի ավելի լավ բերք ստանալու ակնկալիքով:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) էկոհամակարգի պահպանման մասին հոգ են տանում ոչ միայն միջազգայնորեն հռչակված կոնկրետ օրերի շրջանակում, այլ գրեթե ամենօրյա ռեժիմով՝ երկարատև արդյունք ապահովող ծրագրերի միջոցով: Տարիների գործընկերներն առաջնահերթություն են համարում համայնքներում նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացն ու դրանց կիրառման նպատակով իրականացվող դասընթացները: Ֆերմերը կարող է 10-15 րոպեում ցանկապատել 1 Հա տարածք: Բնապահպանական մարտահրավերները լուծվում են նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ՝ ձևավորելով էկոլոգիական գիտակցություն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---