6 նոյեմբերի 2023 - 14:22 AMT
Հայաստանը հայտ է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը հյուրընկալելու համար

ՀՀ-ն պաշտոնական հայտ է ներկայացրել՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունում` Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովում։

Նոյեմբերի 4-5-ը Գևորգյանը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ։

Անդրադառնալով Հայաստանի ու ՖՄԿ միջև համագործակցության լայն օրակարգին՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը կազմակերպության հիմնարար արժեքների, մասնավորապես՝ խաղաղության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության տարածման և ամրապնդման ուղղությամբ։

Վահե Գևորգյանը Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովում խոսել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների մասին։

«Այս իրավիճակում, երբ ավելի քան 100,000 հայ տեղահանվել է Լեռնային Ղարաբաղից, անհրաժեշտ է միջազգային մակարդակով անհապաղ միջոցներ ձեռնարկել ԼՂ ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար»,– ասել է փոխնախարարը։